Նշանավոր արվեստագետը վախճանվել է երեկ ուշ երեկոյան Շիշլիի հիվանդանոցում 90 տարեկան հասակում սրտի անբավարարության հետևանքով: Ստամբուլում այսօր սգում են հանրահայտ լուսանկարչի մահը, մարդիկ ցավակցելու են գալիս քաղաքի սիրված վայրերից մեկը համարվող «Արա» սրճարան:
Գյուլերը հաճախ էր լինում իր անունը կրող սրճարանում․ համեստ նստում էր մի անկյունում, օրվա մամուլն էր թերթում, նրա արվեստի երկրպագուներն էլ առիթ էին ունենում հանդիպել, զրուցել վարպետի հետ: Այսուհետ սրճարանի այցելուներին Գյուլերի մասին կպատմի նրա թողած ժառանգությունը:
Սրճարանի սեփականատեր Յաշար Քարթօղլուն ասում է, որ Գյուլերի ժառանգությունը համաշխարհային նշանակություն ունի․ - «Գյուլերը ստամբուլցի էր, որտեղ տարբեր ազգեր՝ հայեր, հույներ են ապրում: Նա ուշադիր հետևում էր քաղաքի կյանքին, ինչն էլ արտացոլվել է նրա աշխատանքներում: Գյուլերի թողած ժառանգությունը ո՛չ թուրքերին, ո՛չ էլ հայերին է պատկանում, այն աշխարհինն է: Իհարկե, դրանք մեծամասամբ Թուրքիային են վերաբերում, սակայն նա բազմաթիվ երկրներում է եղել, շատ բաներ լուսանկարել: Երանի կարողանայինք ապրել Արա Գյուլերի պատկերած Ստամբուլում: Այդ լուսանկարների քաղաքն այլևս չկա, մի հեքիաթային քաղաք էր: Արա Գյուլերն էլ առաջվա Ստամբուլի վերջին վավերագիրն էր: Այս սրճարանը մասամբ նաև թանգարան է, մարդիկ, հատկապես օտարերկրացիները, ճանաչում են Գյուլերին, գալիս են նրան տեսնելու: Հիմա Արա Գյուլերին այլևս չեն տեսնի, սակայն նրա հիշատակը, նրա լուսանկարները այստեղ կմնան, և ես կաշխատեմ շարունակել այս ավանդույթը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլերի մահվան կապակցությամբ զանգահարել ու ցավակցություն է հայտնել լուսանկարչի հարազատներին:
Ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը: «Տասնամյակներ շարունակ նրա խորաթափանց աչքը տեսել և արձանագրել է պատկերներ, որոնք նոր մակարդակի բարձրացրին համաշխարհային լուսանկարչական արվեստը։ Իմ ցավակցությունն եմ հայտնում մեծ արվեստագետի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա ստեղծագործության բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և ողջ աշխարհում», - ասված է Նիկոլ Փաշինյանի հեռագրում։
Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած Արա Գյուլերը ծնվել է Ստամբուլում 1928 թվականին: Դեռ դպրոցական տարիքից հետաքրքրվել է թատրոնով, կինոարվեստով և լուսանկարչությամբ: Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», «Ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան»: Նա իր լուսանկարներում պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի քաղաքներն ու հուշարձանները: Գյուլերի ֆոտոխցիկը «որսացել» է այնպիսի նշանավոր դեմքերի, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը: Նրա լուսանկարները տպագրվել են արևմտյան մի շարք հեղինակավոր ամսագրերում:
Գյուլերն իրեն պարզապես լուսանկարիչ չէր համարում: Հարցազրույցներին մեկում նա ասել է. - «Ես ֆոտոլրագրող եմ, լուսանկարիչ չեմ, անգամ արվեստագետ չեմ: Ես լուսանկարում եմ իմ տեսածը և շատ բնական ձևով այն փոխանցում մարդկանց: Մեծ տարբերություն կա լուսանկարչի և ֆոտոլրագրողնի միջև: Ֆոտոլրագրողը իր տեսախցիկով պատմություն գրող մեկն է»:
Մեկ ամիս առաջ Ստամբուլի Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում բացվեց մեծանուն արվեստագետի թանգարանը, որտեղ ներկայացված են Գյուլերի արխիվային լուսանկարներ, նրա գրած պատմվածքները, նոթեր, տեսանյութեր, նկարներ, անձնական իրեր, գրքեր, լուսանկարչական սարքեր:
Արա Գյուլերի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Երրորդության հայկական եկեղեցում: Նրա աճյունը կամփոփվի Շիշլիի հայկական գերեզմանատանը: