Մատչելիության հղումներ

Կփորձենք մեր մոտիվացիաները բացատրել սյունեցիներին. Փաշինյան


ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում մասնակցեց Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին:

«Սա հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, որ տեղի են ունենալու Արմավիրում, և գիտեմ, որ շատ են հարցնում՝ ինչպես նախորդ ընտրական գործընթացներում, ընդունված է եղել հարցնել, թե տեսնես ո՞վ կհաղթի այդ ընտրություններում: Ես ուզում եմ մի բան արձանագրել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած, տեղի ունեցող բոլոր ընտրություններում հաղթողը մի սուբյեկտ է լինելու՝ հաղթողը լինելու եք դուք՝ ընտրողներդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, որովհետև սրանից հետո ձեր տված ոչ մի ձայն չի կեղծվելու», - դիմելով հավաքվածներին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի 37 համայնքներում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու է առաջադրել 16 համայնքներում:

Արմավիրի հանրահավաքում Փաշինյանի ելույթն ամբողջությամբ դիտեք ստորև․

Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանեց լրագրողների հարցերին:

Վարչապետի պաշտոնակատարը նախ անդրադարձավ Հրազդանում անցկացվելիք ընտրություններին: Հրազդան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրվել է Սևակ Միքայելյանը՝ կուսակցության վարչության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին: Կուսակցությունից պաշտոնապես հայտարարել են, որ չեն սատարելու Սևակ Միքայելյանին: Առաջադրված մյուս երեք թեկնածուն անկուսակցական են: Այս առնչությամբ, Փաշինյանը, մասնավորապես, ասաց․ - «Բնականաբար, մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին: Մենք կարծում ենք, որ պարզապես դա լավ ավանդույթ չէ, երբ որ քաղաքական պրոցեսներում ընտանեկան ավանդույթներ լինեն, մանավանդ՝ այս փուլում»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Կառավարության երեկվա արտահերթ նիստում Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Այս նշանակումը քննադատության տեղիք է տվել: «Ազատության» դիտարկմանը, թե փաստորեն այս նշանակման դեմ բողոքելով՝ հենց իր՝ վարչապետի թիմակիցները ճանապարհ էին փակել, ինչպե՞ս կմեկնաբանի դա, վարչապետի պաշտոնակատարը արձագանքեց․ - «Ըստ ամենայնի, կա իրավիճակի տարընթերցում և մենք գիտակցում ենք նաև իրավիճակի անսովորությունը և կփորձենք մեր մոտիվացիաները բացատրել սյունեցիներին, որպեսզի ամեն ինչ պարզ լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG