Այսօր էլ՝ շուրջ 30 տարի անց, պատկերը շատ քիչ է փոխվել: Ընդամենը մի քանի կինոթատրոն ունենք մայրաքաղաքում: Մարզերում, բացի Գյումրիից, կինոթատրոններ գրեթե չեն պահպանվել:
Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում դրանց մեծ մասը կամ պարզապես վերացել է, կամ վերածվել է խանութի, կամ էլ պարզապես փակ է, ինչպես, օրինակ, նախկինում շատ հայտնի «Հայրենիք » կինոթատրոնը, որը կանգուն է, բայց չի գործում մոտ երեսուն տարի:
Եվ ահա հենց այստեղ էլ այս տարի բացվել է «Սոսե» միջազգային 5-րդ կինոփառատոնը, որի այս տարվա նշանաբանն է «Մոռացությունից փրկել չգործող կինոթատրոնները»:
Օրերս Դիլիջան քաղաքի «Դիլիջան» կինոթատրոնում 20 տարվա ընդմիջումից հետ ֆիլմեր ցուցադրվեցին հենց այս փառատոնի շրջանակներում:
Այս փառատոնը 5 տարի առաջ հիմնադրել են Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում կրթություն ստացած երիտասարդ ամուսիններ Սիմոն Սահակյանն ու Ռիտա Խալաթյանը: Սիմոն Սահակյանը՝ «Սոսե» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենը, «Ազատության» հետ զրույցում այսօր ի պատասխան հարցին, թե որն է այս կինոփառատոնի առանձնահատկությունը, շեշտեց․ - «Ամեն տարի փորձում ենք կինոոլորտին վերաբերող տարբեր խնդիրներ բարձրաձայնել: Այս տարի դա կինոթատրոնների չաշխատելն է: Մենք ունենք Հայաստանի տարածքում շատ կինոթատրոններ, որոնք Սովետի փլուզումից հետո չեն գործել ընդհանրապես: Մենք պատրաստ ենք այդ խնդրի լուծման տարբերակներ առաջարկել, մասնակցել լուծման ընթացքին»:
«Սոսե» միջազգային կինփառատոնի շրջանակներում ֆիլմեր են ցուցադրվել նաև Եղեգնաձորի նախկին կինոթատրոնում կամ ավելի ճիշտ դրա տարածքում, քանի որ բուն կինոթատրոնն առևրտրի կենտրոն է դարձել:
«Եղեգնաձորի «Արագիլ» կինոթատրոնը շատ վատ վիճակում է գտնվում: Նաև այնտեղ հիմա ինչ-որ բիզնես վիճակ ա: Դրա համար մենք, որպես ակցիա, ցուցադրությունը կազմակերպեցինք հենց դռների դիմաց, հրապարակում», - ասաց Սահակյանը:
Ի դեպ, այս կինոփառատոնն ամենաերկար տևողությունն ունի Հայաստանում իրականացվող մյուս փառատոների շարքում: Այն մոտ երկու ամիս է տևում: Մայրաքաղաքում և մարզերում ֆիլմերը ցուցադրվում անվճար:
Հինգ տարվա ընթացքում բազմաթիվ կինոգործիչներ են իրենց աշխատանքները ցուցադրել փառատոնի ընթացքում: Հինգ տարի առաջ ընդամենը 8 հայ կինոգործիչ է մասնակցել փառատոնին, իսկ այս տարի արդեն փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 39 երկրների 742 հեղինակներ, մրցութային փուլ է անցել 174 ֆիլմ:
Այս տարի փառատոնը բացվել է Վիլյամ Սարոյանի պիեսի էկրանավորմամբ՝ Մարատ Վարժապետյանի «Հեյ, ով կա այդտեղ» ֆիլմով:
«Փառատոնը ի սկզբանե ստեղծվել է կանանց մասին ֆիլմերի ցուցադրության համար: Հետագայում, երբ փառատոնն արդեն ավելի ամբողջական դարձավ, ծրագրերն ավելի հստակեցվեցին, միջազգային ֆորմատով արդեն սկսեցինք հանդես գալ, հասկացանք, որ կինը կարող է մնալ մեր խորագրերից մեկը, բայց ցանկություն կա դուրս գալ թեմատիկ սահմանափակումներից», - նշեց «Սոսե» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը:
Փառատոնի կազմակերպիչների խոսքով, այս տարի առաջին անգամ կինոփառատոնին աջակցել է Մշակույթի նախարարությունը:
Սիմոն Սահակյան․ - «Թավշյա հեղափոխությունից հետո մեր կինոփառատոնը ֆինանսավորվեց վերջապես: Մինչև թավշյա հեղափոխությունը ես չեմ կարող ասել, թե ով ում էր անտեսում․ կամ մենք՝ իրանց, կամ իրանք՝ մեզ․․․»:
Կինոփառատոնի մրցութային հանձնաժողովի կազմում են անվանի կինոգործիչներ Հայաստանից և արտերկրից: