Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր քառօրյա այցով ժամանում է Չեխիա


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր քառօրյա այցով ժամանում է Չեխիա:

Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, Հասանովը հանդիպումներ է ունենալու այդ երկրի իշխանությունների, այդ թվում՝ իր չեխ պաշտոնակից Լյուբոմիր Մետնարին, ինչպես նաև Չեխիայի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների հետ:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, կողմերը քննարկելու են ռազմական ասպարեզում Ադրբեջանի և Չեխիայի համագործակցության հեռանկարը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի չէ նաև, թե արդյոք Բաքուն պատրաստվում է նոր զինատեսակներ ձեռք բերել Չեխիայից։

2017-ին մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ չեխական, ռուսական, ադրբեջանական, հաղորդեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը ձեռք են բերել չեխական արտադրության «Դանա» տեսակի հրետանային համակարգեր, որոնք կիրառվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից մեկում:

Եվրամիության անդամ Չեխիան, որին ԵԱՀԿ-ի հանձնարարությամբ արգելվում է Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարել ղարաբաղյան հակամարտության պատճառով, հայտարարել է, թե տեղյակ չեն՝ ինչ ճանապարհով է չեխական արտադրության սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում:

Չեխիայի արտգործնախարարությունն ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, հաղորդել է, թե չեխական կառավարությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել «մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017 թվականներին մերժվել են որոշ զինատեսակներ և հրթիռային համակարգեր գնելու հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի գործընկերները Եվրամիությունում:

Չնայած բարձր մակարդակով պաշտոնական այս պնդումներին՝ այս տարվա ապրիլին Slovak Spectator պարբերականը թեմայի շուրջ հետաքննություն էր անցկացրել և պարզել, որ չեխական հրթիռային այդ կայանքներն ու հաուբիցները Բաքու են հասել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանից, ըստ աղբյուրի, Իսրայելի տարածքով:

Մինչ պաշտոնական Պրահան տարակուսանք էր հայտնում չեխական արտադրության մահաբեր զենքը հակամարտության գոտում հայտնվելու կապակցությամբ, լրատվամիջոցը պարզել էր, որ ադրբեջանական զինուժին վաճառված զենքն արտադրվել է Czechoslovak Group Holding-ի կողմից, որի սեփականատերը չեխ գործարար Յարոսլավ Ստրնադն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG