ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:
Այս մասին վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
«Ինչպես ես ասել էի, այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»,- նշեց Փաշինյանը:
Օրեր առաջ France24-ի հետ զրույցում վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։
Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով: