Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգի հետ քննարկել է ընդդիմադիր լրագրողի անհետացման հարցը


Սպիտակ տան ղեկավարի հանձնարարությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր Էր Ռիյադում թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ քննարկել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հարցը:

Ըստ ամերիկյան պաշտոնական աղբյուրների` Փոմփեոն շնորհակալություն է հայտնել թագավորին՝ երկու շաբաթ առաջ Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարանում լրագրողի անհետացման թափանցիկ հետաքննությանը աջակցելու համար:

Սաուդական պաշտոնական հաղորդագրություններում լրագրողի հարցը քննարկելու մասին որևէ բառ չկա: Փոխարենը նշվում է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև պատմական հարաբերությունները:

Շուրջ մեկ տարի առաջ հայրենիքում ձերբակալությունից խուսափելու համար Վաշինգտոն տեղափոխված Ջամալ Հաշոգին, ով սաուդական իշխանությունների կոշտ ընդդիմախոսն էր և թղթակցում էր ամերիկյան առաջատար լրատվամիջոցներից մեկին՝ The Washington Post-ին, անհետացել է երկու շաբաթ առաջ՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում գտնվող սաուդական դիվանագիտական ներկայացուցչության շենք մտնելուց հետո:

Թուրք իրավապահների տվյալներով նրան հյուպատոսարանումհարցաքննել, խոշտանգել, սպանել են, ինչից հետո դին մասնատել են: Թուրքիայի պնդմամբ, հանցագործությունը կատարելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք:

Թուրքական և սաուդական քննչական խմբերը շարունակում են համատեղ խուզարկությունը հյուպատոսարանի տարածքում: Երեկ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը կադրեր է հրապարակել, թե ինչպես է հավաքարարների խումբը խուզարկությունից առաջ մաքրող նյութերով բեռնված հետնամուտքով մտնում հյուպատոսարանի շենք:

Մուհամեդ բին Սալմանի կառավարությունը, որն ավելի քան տասն օր կտրականապես հերքում է լրագրողի դաժան սպանության մեղադրանքները, դեռևս չհաստատված տեղեկությունների համաձայն կարող է առաջիկայում խոստովանել, որ քննիչները չարաշահել են իրենց լիազորությունները և սպանել լրագրողին:

Անցած հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի ամենամերձավոր դաշնակից Միացյալ Նահանգների նախագահը նախազգուշացրել էր՝ Էր Ռիյադը խստորեն կպատժվի, եթե պարզվի, որ առնչություն ունի լրագրողի անհետացման հետ:

Աշխարհի ամենափակ ու մարդու իրավունքների պաշտպանության առումով ամենահետամնաց երկիրներից մեկը համարվող Սաուդյան Արաբիայի նկատմամբ միջազգային հանրությունը ևս հետզհետեխստացնում է տոնայնությունը: Եվրոպական գերտերությունները ակնարկում են թագավորության նկատմամբ հնարավոր սահմանափակումների մասին:

Համաշխարհայինմի շարք խոշոր ընկերությունների ղեկավարներ հրաժարվել են մասնակցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում հաջորդ շաբաթ նախատեսված ներդրումային խորհրդաժողովին: Հաշոգիի անհետացման հետ կապված սկանդալի հետևանքով նաև Սաուդյան Արաբիայի բորսայում արժեթղթերի գներն են անկում գրանցել:

Ի պատասխան՝ նավթով հարուստ այդ երկիրն էլ տնտեսական պատժամիջոցներով է սպառնում: Էր Ռիյադի և արևմտյան դաշնակիցների միջև հարաբերություններոմստեղծված այդ իրավիճակը, ինչպես նկատում են փորձագետները՝ բավական արտասովոր է, թեև վահաբիստական թագավորությանը քննադատելու, պատժելու առիթներ շատ են եղել՝ ինչպես օրինակ անցյալ տարի, երբ Մուհամեդ բին Սալմանի կառավարությունը փաստացի տնային կալանքի էին ենթարկել օտար պետության ղեկավարին՝ Լիբանանի վարչապետ Սաաթ Հարիրիին՝ ստիպելով նրան հրաժարական տալ: Լիբանանի առաջնորդին հաջողվեց վերադառնալ հայրենիք միայն միջազգային ջանքերի շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG