Մատչելիության հղումներ

Երևանի ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանը


Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն իր հրամանով թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակել ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանին:

Անցյալ տարի հոկտեմբերի 31-ին վախճանվեց անվանի բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, չորս տասնամյակից ավելի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:

Շուրջ մեկ տարի թատրոնը գործում էր առանց գեղարվեստական ղեկավարի, և ահա այսօր հրավիրած ասուլիսին թատրոնի երկարամյա տնօրեն Ֆրեդ Դավթյանը հայտարարեց, որ այսօր հրաման է ստորագրել ռուսաստանաբնակ ռեժիսոր Կարեն Ներսիսյանին Երևանի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու մասին՝ այսպիսով հանգուցալուծելով մոտ մոտ տարի տևած թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարի փնտրտուքը և դրա հետ կապված զանազան խոսակցությունները:

Ուշագրավ է, որ դեռ մի քանի ամիս առաջ թատրոնի դերասաններից Ռոբերտ Մանուկյանը ասուլիս էր հրավիրել և հայտարարել, թե Ալեքսանդր Գրիգորյանի աղջիկը՝ 25-ամյա Նորա Գրիգորյանն է ուզում ժառանգաբար ստանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, և այդ դեպքում ինքն էլ իր թեկնածությունն է առաջադրում:

Այս ասուլիսից և թատրոնից հնչած բողոքներից հետո Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց թատրոն, հանդիպեց թատերախմբին և ասաց, որ իրենք՝ թատերախմբի անդամները պիտի ընտրություն կատարեն:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար առաջադրված հինգ թեկնածուներից Մշակույթի նախարարությունում կոլեգիալ քննարկումներից հետո մնացին երկուսը՝ բոլորիս լավ հայտնի բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը և արդեն 25 տարի Ռուսաստանում բնակվող Կարեն Ներսիսյանը: Նրանք էլ, ըստ նախարարության կոլեգիալ որոշման, պիտի մեկ ամսվա ընթացքում որևէ ներկայացում բեմադրեին թատրոնում, և ըստ այդմ էլ պիտի որոշում կայացվեր, թե ով է դառնալու թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարը:

Այսօր հրավիրած ասուլիսին թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանն ասաց, թե քանի որ կրճատվել են թատրոնի պետբյուջեից ստացվող ֆինանսական հոսքերը, հայտնի չէ, թե ինչ միջոցներով պիտի արվեին այդ բեմադրությունները: Ուստի ինքը որոշում է կայացրել նոր գեղարվեստական ղեկավար նշանակել իր պատասխանատվությամբ՝ առանց այդ մասին տեղյակ պահելու Մշակույթի նախարարին:

«Նախարարությունում միայն այս ասուլիսից կտեղեկանան իմ հրամանին մասին», - ասաց Ֆրեդ Դավթյանը: - «Եթե Սուրեն Շահվերդյանին գիտեն համարյա թե բոլորը, քանի որ ինքը բնակվում է այստեղ, ապա Կարեն Ներսիսյանը սկսել է իր աշխատանքային և ստեղծագործական գործունեությունը էս թատրոնից, նույնիսկ համարյա թե մեկ տարի աշխատել ա բեմի բանվոր․․․ Եվ հետո բեմադրել ա մեր մոտ դիպլոմային ներկայացումներ: Հետո մեկնել է Ռուսաստան, համարյա թե ինը տարի աշխատել ա Մարկ Ռոզովսկու թատրոնում, հետո բեմադրել ա զանազան ներկայացումներ Ֆոկինի մոտ, Ֆոմենկոյի մոտ և Ռուսաստանի շատ և շատ թատրոններում: [Կոլեկտիվում] կան մարդիկ, որոնք Կարեն Ներսիսյանին են ընդունում, կան մարդիկ, որոնք Սուրեն Շահվերդյանին են ընդունում․․․ սենց կիսված վիճակով կոլեկտիվը երկար չի կարա: Առաջնահերթ պարտավոր եմ մտածել մեր թատրոնի և իմ կոլեկտիվի համար»:

«Ազատության» հարցին, թե չունի արդյոք մտավախություն կապված Մշակույթի նախարարության հետ, արձագանքեց․ - «Ծանր փայը իմս ա: Ես պարտավոր եմ այս ամեն ինչը, այս ձգված պատմությանը էսօր դնել վերջակետ: Իհարկե, ունեմ մտավախություններ, բայց այնուամենայնիվ, ինձ թվում է, որ ճիշտ կհասկանան այս իմ քայլը և կողջունեն որոշումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG