Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի դեմ բողոքի կրքերն այսօր կրկին թեժացել են։ Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել գյուղապետի գործունեությունը։ Վերջինս, սակայն, անտեսելով որոշումը, այսօր աշխատանքի է գնացել համայնքապետարան և փորձել աշխատաժողով հրավիրել։ Տեսնելով դա՝ ազատամուտցիներն այսօր կրկին փողոց են դուրս եկել, դասադուլ արել և փակել միջպետական ճանապարհը։
Ազատամուտի ավագանու անդամ Վահագ Ալավերդյանը «Ազատությանը» փոխանցեց, որ գյուղապետի հրաժարականի պահանջով ցույցերը դադարացրել էին, քանի որ մարզային իշխանությունները հայտարարել էին գյուղապետի գործունեության կասեցման մասին։ Բայց այսօր պարզվեց, որ իրենց խաբել են։
«Գյուղապետն այսօր աշխատանքի է եկել։ Այսինքն ստացվում է, որ կասեցումը Ազատամուտում չի գործում, և այդ ամենը զրո էր։ Մեզ հանդարտեցրել էին այդ պատճառաբանությամբ, բայց փաստորեն մեզ խաբել են», - ասաց ավագանու անդամը:
Ալավերդյանի խոսքով՝ գյուղացիները միաձայն առաջարկել են մարզպետին գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել իրեն։ Ասաց՝ մարզպետը, սակայն, պատասխանել է, թե ինքն է որոշողը։ - «Մենք չենք դադարեցնելու մեր բողոքի ակցիաները։ Մենք դպրոցը չենք փակում, ուղղակի ծնողները չեն ուղարկում երեխաներին դպրոց, քանի որ գյուղում դեռ վախի մթնոլորտ կա, և այդ մթնոլորտը ստեղծել են Ժորա Մարտիրոսյանն ու իր հրոսակախումբը», - հայտնեց նա։
Մարզպետ Վահե Ղալումյանն «Ազատությանը» ասաց, որ Ազատամուտում իրավիճակն իսկապես լարված է։ Մի քանի ժամում գյուղապետի դեմ 940 ստորագրություն է հավաքվել այն պարագայում, երբ գյուղում ընտրության մասնակցում է 1300-1400 մարդ։ Այդուհանդերձ իրենք դեռ խնդրին վերջնական լուծում չեն կարողանում տալ։
«Երկկողմանի կոչ ենք անում կտրուկ քայլեր չձեռնարկել, ճանապարհ չփակել։ Փորձենք երկխոսել և սպասել, քանի որ քննչական մարմնում գյուղապետի դեմ մի քանի կետերով քրեական գործեր կան հարուցված», - նշեց մարզպետը:
Հիշեցնենք, արդեն մի քանի ամիս է ազատամուտցիները բողոքի ակցիաներ են անում և պահանջում նախկին «Հանրապետական» գյուղապետի հրաժարականը, ով, ըստ գյուղացիների, տարիներ շարունակ տարատեսակ չարաշահումներ է իրականացրել, յուրացրել գյուղի բյուջեն։ Ժորա Մարտիրոսյանը կտրականապես հրաժարվում է պաշտոնից հրաժարվել։ Գյուղացիների բողոքն իր դեմ թշնամանք է համարում։