Մատչելիության հղումներ

Մայք Փոմփեոն ժամանել է Սաուդյան Արաբիա, քննարկել ընդդիմադիր լրագրողի անհետացման հարցը


Թագավոր Սալմանին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Էլ-Ռիյադում, 16-ը հոկտեմբերի, 2018թ.
Թագավոր Սալմանին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Էլ-Ռիյադում, 16-ը հոկտեմբերի, 2018թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ թագավոր Սալմանի հետ քննարկել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հարցը:

Հանդիպումից հետո Փոմփեոն շնորհակալություն է հայտնել թագավորին «Հաշոգիի առևանգումը մանրամասն և թափանցիկ հետաքննելու հարցում աջակցելու համար»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մայք Փոմփեոյին երեկ կարգադրել է անհապաղ մեկնել Սաուդյան Արաբիա և տեղեկություններ ստանալ լրագրող Ջամալ Հաշոգիի առեղծվածային անհետացման մասին:

Թրամփն ասել է, որ պետքարտուղարն անհրաժեշտության դեպքում կմեկնի նաև այլ երկրներ, մասնավորապես, Թուրքիա, որտեղ անհետացել է լրագրողը:

Այս տարվա հոկտեմբերի 2-ին Հաշոգին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և դրանից հետո համարվում է անհետ կորած:

Թուրքիայի իրավապահների համոզմամբ, լրագրողին հյուպատոսարանում հարցաքննել, խոշտանգել և սպանել են: Սաուդյան Արաբիան հավաստիացնում է, որ նման բան տեղի չի ունեցել:

Սաուդյան Արաբիայի հպատակ լրագրող Հաշոգին վերջին շրջանում խստորեն քննադատել է թագավոր Սալմանին և թագաժառանգ ու պաշտպանության նախարար Մոհամադ բին Սալմանին:

Իր հրապարակումներում Հաշոգին նաև դատապարտել է Սաուդյան Արաբիայի միջամտությունը Եմենի հակամարտությանը:

Հաշոգին անցյալ տարվա սեպտեմբերին փախուստի է դիմել Սաուդյան Արաբիայից և ապաստանել է Թուրքիայում, որտեղից թղթակցել է արաբական և արևմտյան լրատվամիջոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG