Մատչելիության հղումներ

Հունան Պողոսյանի նշանակումը հարուցել է որոշ իրավապաշտպանների տարակուսանքը


Իրավապաշտպանները քննադատում են Սյունիքի մարզպետի պաշտոնում Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը:

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, որ Հայաստանում չպետք է քաղաքական ռասիզմ լինի, և օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն․ - «Ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը իր կյանքը ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում: Եվ այս տրամաբանության մեջ, ես կարծում եմ, որ մենք Հայաստանի Հանրապետությունում չպետք է թույլ տանք, որպեսզի զարգանա այնպիսի մի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ․ երբ որ մարդիկ ի սկզբանե ենթարկվում են որոշակի հետապնդումների, վերաբերմունքի միայն այն պատճառով, որ նրանք որոշակի պաշտոնավարել են, գործունեություն են ծավալել, առնչություն են ունեցել նախկինում Հայաստանում գործած կառավարության ներկայացուցիչների հետ»:

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում ևս երկու մարզպետ նշանակվեց․ Դավիթ Գևորգյանը կղեկավարի Արագածոտնի մարզը, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրը:

Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Հունան Պողոսյանը պարզաբանել էր, որ նոր Հայաստանի կողմնակիցն է և նախկինում էլ ծառայել է ժողովրդին․ - «Ամեն ինչ անելու եմ, որ էդ նոր Հայաստանում լավ լինի»:

«Ազատության» դիտարկմանը, թե քննադատություն կա, որ ինքը հին ռեժիմի ծառայող է եղել, Պողոսյանն արձագանքեց․ - «Իրենք երևի ստրկամիտ մարդիկ են, էդպես կարող են մտածել: Ծառայելով օրենքին՝ միշտ ժողովրդին եմ ծառայել»:

Հունան Պողոսյանի նշանակումից առաջ վարչապետ Փաշինյանն իր ելույթում պնդեց, որ ինչպես Հունան Պողոսյանը, այնպես էլ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանակին բարիկադների մյուս կողմում էին։

«Կառավարությունում կան նախկին իշխանությունների օրոք աշխատած պաշտոնյաներ և արդեն մոտենում է համախմբման ժամանակը», - ասաց վարչապետը։ - «Կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներիը ապամոնտաժելու ժամանակը, և ես հույս ունեմ, որ մենք մոտենում ենք այդ եզրագծին՝ լիարժեքորեն զբաղված լինելով կառուցողական աշխատանքով, լիարժեքորեն զբաղված լինելով մեր զարգացման օրակարգը սպասարկելով: Ես ուզում եմ ընդգծել, որ այս տրամաբանությունը որևէ կերպ չի նշանակում ինդուլգենցիա որևէ մեկի հասցեին: Ընդ որում, նկատի ունեմ և՛ գործող պաշտոնյաներին, և՛ նախկին պաշտոնյաներին: Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և դա վերաբերվում է ոչ միայն գործող, ոչ միայն նախկին պաշտոնյաներին, այլև ոչ-պաշտոնյաներին և ընդհանրապես բոլորին»:

Վարչապետի այս նշանակումը քննադատող իրավապաշտպանները, մինչդեռ, տարակուսած են, թե ինչպես կարող է Սերժ Սարգսյանի օրոք ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Պողոսյանը իշխանափոխությունից հետո փոխած լինի աշխատելաոճը, որոնք դրսևորվեցին հատկապես վերջին տարիներին տարբեր բողոքի ակցիաների ժամանակ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշում է ընդամենը 3 տարի առաջ «Էլեկտրիկ Երևանի» ակցիաները․ ֊ «Նա էր ցուցումները տալիս կամերաները ումից խլել և ջնջել: Ես հիշում եմ «Ֆոտոլուրի» թղթակցի դեպքը՝ Հայկի, որի ձեռքից խլել էին ապարատը, ջնջել էին ամբողջ լուսանկարները: «Էլեկտրիկ Երևանում» 13 լրագրող էին ուղղակի բռնության ենթարկվել և 7 լրագրողի աշխատանքն էին խոչընդոտել»:

Իրավապաշտպանները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ իշխանափոխությունից հետո Սյունիքը, որը երկար տարիներ ղեկավարել էր ՀՀԿ-ական, տարբեր աղմկահարույց քրեական պատմությունների կենտրոնում հայտնված Սուրիկ Խաչատրյանը, այժմ էլ պետք է ղեկավարի նույն Հանրապետականի իշխանության օրոք ցույցեր ցրելու գործողություններին մասնակցած Հունան Պողոսյանը։

Արթուր Սաքունցը շեշտում է, որ, ի տարբերություն ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման պատճառաբանության, թե նրանք հեռու են կոռուպցիոն սխեմաներից, Հունան Պողոսյանի նշանակման դեպքում վարչապետն այլ պատճառաբանություն է բերում՝ քաղաքական ռասիզմը։ Մինչդեռ Պողոսյանը, ինչպես ընդգծում է Սաքունցը, քաղաքական գործիչ չի եղել, ուստի վարչապետի այս պատճառաբանությունը վիճահարույց է․ - «Ես չեմ կարող վստահել այն նշանակումը, երբ որ գործ ունենք բարձրաստիճան պաշտոնյայի հետ, իրավապահ մարմնի ղեկավարի տեղակալի հետ, որի [մարմնի] գործողությունները քաղաքացիների նկատմամբ հանգեցրել են խախտումների․․․ և դրա մեջ ինքը ունի՞ պատասխանատվություն, թե՞ չունի: Եթե մենք հայտարարում ենք հաշտության մասին, քաղաքական ռասիզմ թույլ չտալու մասին, ապա այդ դեպքում, կներեք, Սերժ Սարգսյանին էլ նշանակել, Վովա Գասպարյանին էլ նշանակել, բոլորին․․․ Հանրապետական կուսակցության, նախկին իշխանությունների ժամանակ աշխատած պաշտոնատար անձանց, բոլորին նշանակեն»:

Ըստ Սաքունցի, Փաշինյանը, ըստ էության, հանրությանը չներկայացրեց Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու շարժառիթը և այս հարցում նա պետք է նախ հաշվի առներ հենց հանրության կարծիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG