Մատչելիության հղումներ

«Չպետք է թույլ տանք, որ Հայաստանում զարգանա «քաղաքական ռասիզմ». Նիկոլ Փաշինյան


Կարևոր է, որ հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանում, այսօր կառավարության արտահերթ նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակմանը։

Հայտարարելով, որ Պողոսյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակելու իր առաջարկը գուցե որոշ իմաստով տարօրինակ թվա՝ վարչապետ Փաշինյանը պարզաբանումներ ներկայացրեց. - «Ես շատ կարևոր եմ համարում, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում՝ որևէ մեկն իր կյանքը ավարտված չհամարի Հայաստանում, և այս տրամաբանության մեջ, ես կարծում եմ, որ մենք Հայաստանում չպետք է թույլ տանք, որպեսզի զարգանա այնպիսի մի երևույթ, որը պայմանական կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ի սկզբանե ենթարկվում են որոշակի հետապնդումների, միայն այն պատճառով, որ նրանք պաշտոնավարել են, որոշակի գործունեություն են ծավալել նախկին կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեր այս կառավարությունում էլ կան ոչ քիչ մարդիկ, որոնք նույնպես այդպիսի առնչություն են ունեցել։ Մոտենում է, գալիս է լիարժեք համախմբման ժամանակը։ Կա բարիկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակը և ես հույս ունեմ, որ մենք մոտենում ենք այդ եզրագծին»։

Վարչապետը սիմվոլիկ համարեց երեք մարզպետների նշանակումները։

«Նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, Հունան Պողոսյանը բարիկադների կամ փշալարերի մյուս կողմից էր, ինչպես օրինակ՝ Օսիպյանը և Վանեցյանը, իսկ Համբարձում Մաթևոսյանն էլ ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող՝ չեզոք միջավայրից եկող գործիչ է։ Այս առումով մենք ուրվագծում ենք ապագայի վերաբերյալ մեր պատկերացնումները: Ուզում եմ ընդգծել, որ մեզանից որևէ մեկը Հայաստանում անձեռնմխելի չէ, և դա պետք է բոլորս հասկանանք», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով բոլոր մարզպետներին:

Մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի մարզերից վեցը ղեկավարում էին Դաշնակցական և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող մարզպետներ։ Հոկտեմբերի սկզբին սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջակությամբ կառավարությունը նրանց ազատեց աշխատանքից: Պատճառը Դաշնակցության և «Ծառուկյան» դաշինքի օժանդակությամբ խորհրդարանում ընդունված օրենքի նախագիծն էր, որը փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց։

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց Ձորի։ Մինչ օրս թափուր էին մնում Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետի պաշտոնները: Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզ­պետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզ­պետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG