Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Լյուքսեմբուրգում մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա է եղել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։
Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
«Ես համամիտ եմ իմ գործընկեր Էլմարի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանդիպումների լավ դինամիկայի առնչությամբ: Անցած հինգ ամիսների ընթացքում արդեն երկու հանդիպում ունեցել ենք: Լավ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, որը նպաստել է դրական դինամիկային, և մենք նպատակադրված ենք ամրապնդել այն», - ասել է Մնացականյանը:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններն են։
«Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով, և պետք է առավել անմիջական ներգրավվածություն ունենա։ Եվ մենք, իհարկե, դրա մասին խոսում ենք», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
«2018-ը Հայաստանի համար արմատական ժողովրդավարական փոփոխության տարի է»
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը։
«2018-ը Հայաստանի համար առանձնահատուկ տարի է: Այն արմատական ժողովրդավարական փոփոխության տարի է, որը դրսևորվեց խաղաղ Թավշյա հեղափոխությամբ, երբ հայաստանյան հասարակությունը վճռականորեն մերժեց անցյալի բացասական երևույթները և հաստատակամորեն ձեռնամուխ եղավ բարեփոխումների՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի և օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ինչպես նաև կայուն զարգացման խթանման նպատակով սոցիալ-տնտեսական կյանքում հավասար հնարավորությունների ապահովմանը: Թավշյա հեղափոխությունը ի ցույց դրեց Հայաստանի հասարակության, իր բոլոր շերտերի և ինստիտուտների քաղաքական հասունության և իրավագիտակցության նշանակալի բարձր մակարդակը»,- ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Մնացականյանը նշել է, որ անցած հինգ ամիսների ընթացքում Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման խթանման նպատակների վրա:
«Մինչ այժմ իրականացրած մեր գործողություններն արդեն ունեն շոշափելի արդյունքներ՝ արձանագրելով նաև մեր ջանքերի շարունակականության և կայունության հրամայականի հստակ գիտակցումը: Հավասարապես կարևոր է նաև մեր ազգային զարգացման օրակարգի խթանման առաջնահերթությունը», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։