Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր պատմական շրջափուլ և այս շրջափուլի արդյունքներով պետք է ավարտին հասցնել գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն, այսօր կառավարության արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ հայտարարությամբ հանդես կգա այսօր երեկոյան։
«Այսօր կարևոր օր է և Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ, որի հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ՝ այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան», - ասաց Փաշինյանը։
Նիստի ընթացքում վարչապետը թեմային այլևս չանդրադարձավ։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում նույնպես չհստակեցրեց, թե ինչ հայտարարություն է անելու Նիկոլ Փաշինյանը, թեև որոշ չակերտներ բացեց։ «Ես կարող եմ ասել, որ չափազանց կարևոր հայտարարություն է լինելու, որը տեղավորվելու է էս ողջ գործընթացի շրջանակներում և հեղափոխությունը իր վերջնական փուլին հասցնելու տրամաբանության մեջ է»։
Հարցին՝ ի՞նչ երաշխիքներ ունի կառավարությունը, որ խորհրդարանը վարչապետի հրաժարականից հետո այլ թեկնածուի չի ընտրի՝ ըստ էության ձախողելով արտահերթ ընտրությունների գաղափարը, փոխվարչապետը պատասխանեց․ - «Եթե բացարձականացնենք, ապա երաշխիք երբևէ որևէ իրավիճակի համար չկա, բայց կան պայմանավորվածություններ, կա համաձայնություն և ամենակարևորը՝ կա հասարակական պահանջարկ, և եթե երաշխիք, ապա միայն ժողովրդի կողմից երաշխիք: Ի վերջո սա ժողովրդի կողմից նախընտրելի սցենարն է և չի կարող լինել այլ կերպ, քան ժողովրդի կողմից նախընտրելի սցենարի իրականացումը»:
Ըստ Միրզոյանի՝ կառավարությունը ցանկանում է անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել այս տարվա դեկտեմբերի 9-ին։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առայժմ հստակ որոշում չի կայացրել, ընտրություններին միայնակ, թե դաշինքով է պատրաստվում գնալ։
«Դեռ հստակ չի, բայց ես կարող եմ իմ անձնական տեսակետը և ենթադրությունը անել: Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» ձևաչափը պետք է պահպանվի», - ավելացրեց առաջին փոխվարչապետը:
Ի դեպ, Սահմանադրության այն հոդվածը, որը սահմանում է վարչապետի հրաժարականի միջոցով խորհրդարանի ազատ արձակումը, ըստ առաջին փոխվարչապետի՝ որոշ իրավաբանների մոտ տարընթերցումների տեղիք է տվել։ Արարատ Միրզոյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, անհրաժեշտ լինի ոչ թե երկու անգամ ընդհանրապես չառաջադրել վարչապետի թեկնածու, այլ առաջադրել, բայց չընտրել տարբերակի կիրառումը․ - «Եթե այնուամենայնիվ պարզվի, որ տառացի մեկնաբանությունը տեղ ունի և դա է ճշմարտացին, ապա ես ուզում եմ ասել, որ սա շատ ծանր հարց չի՝ տեխնիկական հարց է, որը կարող ենք լուծել: Օրինակ կարող է լինել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, բայց չընտրվի: Բոլոր էն մարդիկ, ովքեր կողմ են մեր առաջարկած սխեմային, չեն քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին առաջին փուլում և կնշվի 2-րդ 7-օրյա ժամկետը»:
Երեկ վարչապետի խոսնակ Արման Եղոյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին կհայտարարի իր հրաժարականի մասին:
Օրեր առաջ France24-ի հետ զրույցում վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։
«Ընտրությունները, նախնական կարող եմ ասել, որ մոտավորապես դեկտեմբերի 9-ին, 10-ին, այդ հատվածում, պլյուս-մինուս մի քանի օր, այդ հատվածում տեղի կունենան: Եվ սրա համար, ըստ էության, ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատված»:
Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով: