Մատչելիության հղումներ

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է ՀՀԿ 56 անդամատոմս


Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ուսխորհրդի չհրկիզվող պահարանում այսօր հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության 56 անդամատոմս: Սրանք, ըստ պրոռեկտոր Գրիշա Թամրազյանի, համալսարանի նախկին ու ներկա ուսանողներին են պատկանում: Մինչդեռ Համալսարանի ուսխորհրդի կանոնադրության համաձայն՝ ուսխորհուրդը ապակուսակցական և ապաքաղաքական կառույց է, որը համալսարանի ներսում իրավունք չունի իրականացնել կուսակցական, քաղաքական գործունեություն:

Գրիշա Թամրազյանն՝ ասաց, որ այս ուսխորհուրդը լուծարվել է հեղափոխությունից հետո այն հիմնավորմամբ, որ նախկին կազմը քաղաքականացված է եղել: Անդամատոմսերը 2012-2017 թվականների են, հասցեատերերի հիմնական մասը բուհն ավարտել է՝ հենց այստեղ էլ թողնելով դրանք:

Բրյուսովի ուսանող, «Ռեսթարթ» ուսանողական նախաձեռնության անդամ Միքայել Նազարյանն արդեն որոշ մանրամասներ պարզել է․ - «Տոմսերից մեկի տիրոջ հետ եմ զրուցել, ով զարմացավ՝ իմանալով, որ ինքը Հանրապետական կուսակցության անդամ է և ասաց՝ միգուցե ինչ-որ զեղչի պատճառով կամ զեղչի հիմնավորմամբ ստորագրել է նմանատիպ փաստաթղթի տակ, բայց ինքը չի հիշում»:

Ուսխորհրդի նախկին նախագահ Ռոզա Հակոբյանն իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանում է՝ հիշեցնելով, թե 2017-ի հունվարից մինչև մայիսն է խորհուրդը ղեկավարել: Նախ պնդեց, թե այս ամիսներին պահարանը չի բացել, ապա կասկած հայտնեց՝ ՀՀԿ տոմսերի ծագման վերաբերյալ․ - «Նման բան ես չեմ նկատել այդ պահարանում: Բացի այդ, էդ սեյֆը ամեն օր չի բացվել ու փակվել, այդտեղ շատ քիչ օգտագործվող իրեր են եղել: Ես չգիտեմ դա ոնց է այդտեղ հայտնվել, ու շատ մեծ հարցական է՝ դա այդտեղ է եղել, թե չէ»:

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Միքայել Նազարյան
«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Միքայել Նազարյան

«Ռեսթարթ» նախաձեռնության անդամ Միքայել Նազարյանը հակադարձում է՝ պահարանի բանալիներն ավելի վաղ են պահանջել, սակայն Ռոզա Հակոբյանը հրաժարվել է դրանք տրամադրել, ինչից հետո իրենց նախաձեռնությունը դիմել է բուհի ղեկավարությանը, ստեղծվել է գույքագրման հանձնաժողով և հատուկ տեխնիկայի գործադրմամբ պահարանը բացվել է: Սա հաստատեց նաև բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը: Հիշեցրեց՝ ինքն էլ է 2017-ից ստանձնել բուհի ղեկավարումը և չի խրախուսել բուհում քաղաքական գործունեությունը․ - «Բուհը պետք է զբաղվի կրթագիտական գործունեությամբ, և ես երբևիցե չեմ խրախուսել որևիցե գործունեություն համալսարանի ներսում, որը քարոզչություն է կամ ուղղված է այլ կուսակցական գործունեության, ընտրություններին սատարելուն կամ նման երևույթներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG