Մատչելիության հղումներ

Աղբահանությունը և տրանսպորտը առաջնահերթ են․ ավագանու 3 խմբակցությունները համակարծիք են


Մայրաքաղաքի նորընտիր ավագանում բոլոր անդամներն ընդունում են, որ լավ հասարակական տրանսպորտ ունենալու համար նոր համակարգ է պետք ներդնել, սակայն հստակ ժամկետներ չեն նշում:

Աղբահանության և տրանսպորտի բոլոր խնդիրները առաջնահերթ լուծման կարիք ունեն: Նորընտիր ավագանու 3 խմբակցություններն այս հարցում համակարծիք են: Օր առաջ պետք է մաքրել մայրաքաղաքը աղբից, երևանցուն ապահովել հարմարավետ երթուղային միջոցներով:

Երևանի ավագանու 65 մանդատից 57-ը ստացած «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էրամջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեռ պետք է տեսնեն, թե ինչ ժառանգություն է թողել նախորդ իշխանությունը․ - «Ցանկացած լավ բան, որը արվել է ի շահ քաղաքացիների, դա ջնջել այն տրամաբանությամբ, որ դա նախկիններից եկած է, կարծում եմ, խելամիտ չեն լինի: Առավել ևս, եթե դրա վրա ծախսվել են քաղաքային բյուջեից գումարներ, բնականաբար, այդ ծախսված գումարները ևս պետք է փորձել առավելագույնս ծառայեցնել իրենց նպատակին»:

Չկա հստակ դիրքորոշում նոր տրանսպորտային համակարգի սակագնի փոփոխության վերաբերյալ: Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հարցին անդրադարձել էր իր երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում, սակայն նրա պատասխանը միանշանակ չէր ընկալվել:

Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում քաղաքապետը գրել էր, որ դեմ է տրանսպորտի սակագնի բարձրացմանը․ - «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ինչպես և 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար: Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրը այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա»:

Մարությանի գլխավորած ուժի ներկայացուցիչ Էրամջյանը այսօր էլ պնդեց, որ քաղաքապետը թանկացման մասին չի խոսել:

«Կարծում եմ, որ դա ընդամենը տարընթերցում էր», - հավելեց Էրամջյանը:

Երևանի ավագանիում 5 մանդատ ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այլ կերպ են ընկալել քաղաքապետի խոսքը:

«Լավ ծառայությունը բարձր գին է ենթադրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Հռիփսիմե Առաքելյանը՝ ընդգծելով, որ իրենց ծրագրային դրույթներում տրանսպորտի բարելավումը հնարավոր էր առանց սակագնի բարձրացման:

Առաքելյանի կարծիքով, չկար տարընթերցում․- «Կար հստակ այդ մեսիջը, որ տրանսպորտը, եթե մենք ուզում ենք ավելի բարվոք վիճակում լինի, ապա մենք պետք է դրա համար մի փոքր ավելի թանկ վճարենք: Այնտեղ կար մեկ այլ դետալ, որ հանրաքվեի միջոցով պետք է կատարվի ամեն ինչ: Մենք բոլորս հավատում ենք, որ այդ ընտրությունները անցել են արդար և թափանցիկ, և ունենք արդեն ընտրված քաղաքապետ իր ավագանիով, և արդեն մեզ՝ ավագանու անդամներին և քաղաքապետին, երևանցին գործուղել է իր քվեով Երևանի քաղաքապետարան: Հիմա մենք ամեն փոքր խնդիրը՝ գույքահարկը բարձրացնելու համար հանրաքվե՞ անենք, կամ տրանսպորտի գինը․․․․ Մենք պետք է կրենք այդ պատասխանատվությունը մեր վրա»:

Երևանի ավագանիում 3 մանդատ ստացած «Լույս» խմբակցությունում կարծում են, որ անիմաստ է հիմա խոսել տրանսպորտի սակագնի բարձրացման հարցով հանրաքվե կազմակերպել-չկազմակերպելու մասին:

Խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը պնդում է, թե ահագին աշխատանք արդեն իսկ կատարված է․ - «Անիմաստ է խոսել արժեքից, եթե չենք խոսում, թե ինչ որակի տրանսպորտ ենք ուզում: Մենք կարծում ենք, որ հնարավոր է մայրաքաղաքում պահպանել այդ սակագինը: Մենք ունենալու ենք նոր օպտիմալացված տրանսպորտային համակարգ, որը չի ունենալու կրկնվող գծեր, չի ունենալու գերշահույթ ստացող գծատերեր, և դա պետք է կոմպենսացնի ընդհանուր արժեքը: Եվ եթե մենք վերջում ստանանք մի արժեք, որը տարբերվում է 100 դրամից, այդտեղ էլ պետք է ասենք, որ արժեքը չի լինելու մեկ միասնական: Կախված օգտվողների քանակից, այն տարբերվելու է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG