Այս տոնը խորհրդանշում է հայ գրականության ոսկեդարը՝ հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի թարգմանությունը, թարգմանչական շարժումը և վերջապես մեր վեց մեծագույն թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի , Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու կատարած հսկայածավալ գործը և նվիրված է նրանց հիշատակին:
Թարգմանչաց տոնը, որը շարժական տոն է մեր եկեղեցական տոնացույցում, նշվում է նաև Գրողների միության կողմից՝ որպես տարվա լավագույն թարգմանիչներին արժեվորելու պատեհ առիթ:
«15 տարուց ավելի Հայաստանի գրողների միությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ նախաձեռնել ենք «Կանթեղ» մրցանակաբաշխությունը, որը թարգմանական գրականության ուղղությամբ է: Պատմականորեն մեր թարգմանական գրականությունը հրաշալի, լավագույն նմուշներ է տվել, և այսօր առանց թարգմանելու, առանց աշխարհի հետ խոսելու, հնարավոր չի գրական, մշակութային ժողովուրդ կոչվես: Իսկ մենք դարերով, հենց մեր Աստվածաշնչի թարգմանության առաջին իսկ պահից հիմնադրեցին այդ տոնը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Թարգմանչաց տոնն ամեն տարի նշվում է Օշականում՝ Մերոպ Մաշտոցի շիրիմի մոտ, որտեղ էլ «Կանթեղ» մրցանակը գտնում է հասցեատերերին՝ հայտնի են դառնում տարվա լավագույն թարգմանիչները:
Այս տարի Թարգմանչաց տոնը նշվեց հոկտեմբերի 13-ին:
«Մրցանակներ ենք հանձնում մեր թարգմանիչներին, մասնակցում ենք Թարգմանչաց տոնի պատարագին և, մեր մեծ Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին ծաղիկ դնելով, մեր խոհարհում ենք մատուցում», - նշեց Միլիտոնյանը: - «Այս տարի մրցանակակիրներ են դարձել մեր ավագագույն թարգմանիչներից Սոֆի Ավագյանը, որ և՛ ֆրանսերենից, և՛ ռուսերենից բազմաթիվ գրքեր է թարգմանել: Ապա՝ Հրաչյա Բայրամյանը, որը վրացական գրականությունը տասնյակ գրքերով ներկայացրել է հայերեն: Հովհաննես Այվազյանը, որը թարգմանել է Սվետլանա Ալեքսևիչի՝ մի երկու տարի առաջ Նոբելյան մրցանակ ստացած հեղինակի գրքեր, նաև չուվաշական հեքիաթներ․․․ տարբեր գրքեր է ինքը թարգմանել ռուսերենից հայերեն, հայերենից ռուսերեն: Նաև Խորեն Գասպարյանը, մեր լոռեցի ընկերը, որը թարգմանում է անգլերենից, ռուսերենից: Նաև ցուցահանդես բացեցինք գրքերի, որտեղ ներկայացվեցին և՛ վերահիշյալ գրքերը, և՛ այն, ինչ որ արել են իրենք ընդհանրապես»:
Խոսելով հայ թարգմանչական դպրոցի կարևորագույն խնդիրների մասին՝ ՀԳՄ նախագահն ասաց․ - «Մեր խնդիրներն այն են, որ գեղարվեստորեն բարձր մակարդակով ներկայացվի թարգմանությունը: Մի այլ խնդիր, որ մենք երկար տարիներ արծարծել ենք, հայերենից այլ լեզուներ թարգմանության հարցն է»: