«Ժառանգություն» կուսակցությունում ճիշտ են համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր»-ը և հեղափոխական մյուս ուժերը դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցեն դաշինքով:
«Ազատության» հետ զրույցում «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը շեշտեց՝ Փաշինյանի հետ դաշինքով մասնակցությունն արդյունավետ են համարում, բայց եթե նման համաձայնություն չկայացվի կքննարկեն ինչպես առանձին, այնպես էլ այլ ուժերի հետ դաշինք կազմելու հնարավորությունը:
Մարտիրոսյան. - Իհարկե Դուք տեղյակ եք, որ պարոն Հովհաննիսյանը և «Ժառանգություն»-ը հակված են այն տեսակետին, որ հեղափոխական ուժերով, այսպես ասեմ, միասնական դաշինք կազմվի և այդ դաշինքը մասնակցի խորհրդարանական ընտրություններին՝ դե բնականաբար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ժառանգություն»-ը»։
«Ազատություն». - Ձեր կարծիքով Փաշինյանը հակվա՞ծ է դաշինքով գնալ ընտրությունների։
Մարտիրոսյան. - Այդ հարցն ինձ չի ուղղված, դա հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է տալ։ Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է այդ ցանկությունն ունենա, երկրորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պետք է այդ ցանկությունն ունենա։
«Ազատություն». - Որոշակի շփումներ ունեցե՞լ եք այդ հարցում, որ առաջարկ անեք։
Մարտիրոսյան. - Այս պահին դեռ ոչ, պաշտոնական առումով ո՛չ ես, ո՛չ պարոն Հովհաննիսյանը որևէ շփում չենք ունեցել։ Բայց դեռևս զարգացումները մեր առջևում են, կսպասենք։
«Ազատություն». - Եթե Փաշինյանը չընդունի ձեր առաջարկը, դուք միայնա՞կ կգնաք ընտրությունների։
Մարտիրոսյան. - Դա էլ արդեն քննարկելու խնդիր է, որովհետև ոչ միայն միայնակ է հնարավոր, այլ դաշինքով է հնարավոր։
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը դժվարանում է կանխատեսել, թե քաղաքական ուժերի ինչպիսի դասավորվածություն և ինչպիսի ընտրարշավ կլինի առաջիկայում։
Ըստ Արմեն Մարտիրոսյանի, ցանկացած պահի կարող են անկանխատեսելի զարգացումներ տեղի ունենալ, որոնք կփոխեն ընտրությունների օրակարգը։
Մարտիրոսյան. - Բովանդակային առումով ինչ կլինի, իհարկե որևէ մեկը չի կարող ասել, որովհետև մենք չգիտենք վաղը չէ մյուս օրն ինչ ձայնագրություն կարող է լույս աշխարհ լինել, կամ չլինել, կամ ով, ինչ խոսք կարող է ասել և ամբողջ ընտրարշավի օրակարգն ընտրություններից էլի վերածվի մեկ այլ թեմայի։
«Ազատություն». - Անկանխատեսելի՞ նախընտրական պայքար է սպասվում։
Մարտիրոսյան. - Իհարկե, իհարկե և մենք չգիտենք, թե ինչ ուժեր կարող են պահի տակ մտնել, ինչ ստվերներով, ինչ հովանոցներով, դրա համար այս պահին ինչ-որ մի բան ասելը բացարձակ կարծում եմ տեղին չէ։
«Պետք է ամենի ինչ անել, որ նոր խորհրդարանում օլիգարխիկ ուժերը ներկայացված չլինեն»
Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև նորաստեղծ
«Սասնա ծռեր» կուսակցությունը:
Քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց՝ ընտրություններին մասնակցելու որոշումն արդեն կայացված է, այժմ քննարկում են ձևաչափի հարցը՝ դաշինքո՞վ, թե՞՝ առանձին մասնակցել:
Չուգասզյանը վստահ է՝ «Սասնա ծռեր»-ը միանշանակ ներկայացված կլինի խորհրդարանում, ավելին՝ բոլոր հնարավորություններն ունեն լինելու երկրորդ ուժը:
«Սասնա ծռեր»-ում, սակայն, իրատես են, Գարեգին Չուգասզյանի փոխանցմամբ, հասկանում են, որ ապրիլյան հեղափոխությունից հետո կարճ ժամանակ է անցել և, բնականաբար, հեղափոխությունն առանջորդած ուժը պետք է ունենա առավելություն և հեղինակություն:
«Այս տարիների ընթացքում մենք գիտենք որ հանրապետությունում, փաստորեն, հանրային քաղաքականությամբ զբաղվող հավանաբար երկու հիմնական ուժեր են եղել, դա՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն է եղել և մեր շարժումը, որը հիմա դարձավ կուսակցություն, և մենք հիմա մտադիր չենք վիճարկելու առաջին տեղի հարցը, այստեղ ընդամենը խոսքը գնում է խորհրդարան անցնող մյուս ուժերի մասին, որտեղ մենք մեզ հստակ տեսնում ենք», - ասաց Չուգասզյանը։
Հարցին, թե «Սասնա ծռեր»-ին խորհրդարանում որպես երկրո՞րդ քաղաքական ուժ է տեսնում, Չուգասզյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այո, ըստ էության ժողովրդականությունը, որը վայելում է «Սասնա ծռեր» կուսակցությունը, ակնհայտ դարձավ թե՛ համագումարի ընթացում, թե՛ Արայիկ Խանդոյանի ցավալի կորստի առիթով նույնպես։ Կարող եմ ասել, որ ժողովրդականություն վայելող ուժ է»։
Ի դեպ «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամի համոզմամբ, եթե իսկապես ուզում ենք ունենալ ժողովրդավարական խորհրդարան, ապա ամենի ինչ պետք է անել, որ նոր Ազգային ժողովում ներկայացված լինեն ոչ թե օլիգարխիկ, այլ հեղափոխական ուժերը: Ի դեպ, Չուգասզյանն այդպիսի ուժեր է համարում Հանրապետականին, «Բարգավաճ Հայաստան»-ին և ՀՅ Դաշնակցությանը, ովքեր կողմ քվեարկեցին «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի հայտնի փոփոխությանը:
«Մենք պետք է, բնականաբար, ամեն ինչ անենք, որ այդ ուժը, որն ազգային որևիցե խավի չի ներկայացնում, այլ հինգերորդ շարասյուն է, փաստորեն, ներկայացնում, իրենք պետք է նոր ձևավորվող խորհրդարանում ներկայացված չլինեն», - ասաց Չուգասզյանը՝ շարունակելով. - «Ես նկատի ունեմ այն ուժերին, որոնք հոկտեմբերի 2-ին էդ դավադիր հավաքն արեցին՝ ՀՀԿ, ՀՅ Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան»։
«Երկիր Ծիրանի»-ն նույնպես կմասնակցի դեկտեմբերին կայանալիք ընտրություններին
Արտախորհրդարանական «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նույնպես մասնակցելու է դեկտեմբերին կայանալիք ընտրություններին:
Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն, ով այս պահին գտնվում է արտերկրում, «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ազգային քաղաքական գործընթացներից իրենց ուժն անմասն չի մնալու:
«Ապագա դեկտեմբերյան իրադարձությունները մենք դիտարկում ենք որպես կարևոր իրադարձություն։ Մենք ունենալու ենք մեր մասնակցությունը։ Իսկ ինչ վերաբերում է դաշինքներին, կամ ձևաչափին մեր մասնակցության, ապա այս պահին ես գտնվում եմ Եվրոպայում և Եվրոպայի հայաշատ քաղաքներում ունենում եմ մասնավոր հանդիպումներ, և մեր կարծիքը փոխանցում եմ մեր հայրենակիցներին, ովքեր ապարում են Հայաստանի Հանրապետությունից դուրս և իրենց կարծիքը նաև ներառելով՝ մենք որոշում կկայացնենք», - ասաց Փոստանջյանը։
ՀԱԿ-ը դեռևս որոշում չի կայացրել
Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը դեռևս որոշում չի կայացրել, մասնակցե՞լ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞՝ ոչ:
Կուսակցությունից փոխանցեցին, որ առաջիկայում տեղյակ կպահեն իրենց որոշման մասին: