Այսօր Լյուքսեմբուրգում՝ Եվրամիության արտգործնախարարների հավաքին, պաշտոնապես համաձայնեցվելու է քիմիական զենք օգտագործելու պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Այդ մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը։
Այս նոր փաթեթի նախաձեռնող երկրներն են Ֆրանսիան և Բրիտանիան, իսկ առիթը Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործումն է Սիրիայում և ռուսաստանցի ռազմական հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը բրիտանական Սոլսբերիում, որի մեջ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին։
Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ջերեմի Հանթը հանդիպել էր Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Ռումինիայի արտգործնախարարների հետ։
«Երկար տարիներ գործում էր քիմիական զենք օգտագործելու միջազգային տաբուն, սակայն, վերջին շրջանում Սիրիայի և Սոլսբերիի դեպքերից հետո պահանջ կա ևս մեկ անգամ գծել այդ կարմիր գիծը, ինչը նշանակում է, որ նրանք, ովքեր օգտագործում են քիմիական զենք, պետք է խիստ պատասխան տան։ Սրանք կենսական նշանակություն ունեցող պատժամիջոցներ են, սակայն սա պատմության ավարտը չէ», - հայտարարել է Հանթը։
Բրիտանին այսօր մտադիր է բարձրաձայնել նաև կիբերհարձակումների համար հավելյալ պատժամիջոցների հարցը Մոսկվային մեղադրում են բազմաթիվ կիբերհարձակումների մեջ, այդ թվում՝ նաև քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության դեմ հարձակումների։
Եվրոպական պատժամիջոցները ենթադրում են, որ օրինակ, արգելվելու է քիմիական հարձակումների հետ կապված կառույցների, չինովնիկների մուտքը Եվրամիության երկրներ։
Հիշեցնենք՝ նոյեմբերին ուժի մեջ է մտնելու նաև քիմիական հարձակումների համար ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը, որը փորձագետների գնահատմամբ, ամենացավոտն է լինելու Ռուսաստանի համար։