Անգամ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումը, ըստ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի, «չեն կանգնեցնելու» արտահերթ ընտրությունների անցկացումը։
«Ոնց որ թե իշխանությունները տրամադրված են, որ ամեն դեպքում արտահերթ ընտրություններին գնում են, անգամ եթե Ազգային ժողովը տապալում է», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Իոաննիսյանն ՝ ընդգծելով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալումն «անցանկալի սցենար է, որովհետև զուտ տեխնիկապես գործող Ընտրական օրենսգիրքը նախատեսված չէ արտահերթ ընտրությունների համար»։
Հանձնաժողովի քարտուղարի համոզմամբ, գործող Ընտրական օրենսգրքի հեղինակները չեն դիտարկել արտահերթ ընտրությունների սցենարը։
«Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ դրա հեղինակները գործնականում չեն դիտարկել արտահերթ ընտրությունների սցենարը։ Այնտեղ կան ժամկետներ, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությամբ ամրագրված ժամկետներին։ Ու տեխնիկապես բավականին շատ կդժվարանա ընտրությունների իրականացումը, եթե օրենսգիրքը չփոխվի», - ասաց Իոաննիսյանը՝ պարզաբանելով. - «Այսինքն՝ բացի նրանից, որ խաղի կանոնները, որոնք օրենսգրքով սահմանվում են, շատ վատը կլինեն։ Օրինականությունը կպահպանվի, այստեղ խնդիր չկա, Քրեական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների օրենսգիրքը փոխվել են, ոստիկանությունն ու այլ իրավապահներն արդեն օրենքի դաշտում են գործում, բայց խաղի կանոնները, որ սահմանվում են Ընտրական օրենսգրքով, որոնք որ պետք է պաշտպանեն իրավապահներն, այդ խաղի կանոնները չեն փոխվի, կմնան հինն ու վատը։ Բացի խաղի կանոններից նաև տեխնիկապես լուրջ խնդիրներ կլինեն»։
«ԸՕ-ի փոփոխությունները նաև միտված են նրան, որ նոր կայացող ուժերն ավելի հեշտ կայանան»
«Ազատության» դիտարկմանը, թե Իոաննիսյանն ինքը երկար ժամանակ ներկայացնում էր Հայասանի քաղաքացիական հասարակությունը և ավելին քան որևէ մեկը շատ լավ գիտակցում է, թե որքան կարևոր է ընդդիմության դերը որևէ ժողովրդավարական համակարգում և հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի այդ ընդդիմությունը, Իոաննիսյանը պատասխանեց. - «Իրականում ընդդիմության դերը շատ կարևոր է, և Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նաև միտված են նրան, որ թույլ ուժերը՝ նոր կայացող ուժերն, ավելի հեշտ կայանան, իրենց ավելի հեշտ լինի խորհրդարան մտնելն։ Օրինակ՝ անցողիկ շեմի նվազումը ձեռք չի տալիս մեծ կուսակցություններին, որոնք վստահ են, որ խորհրդարան մտնելու, որովհետև իրենք ստանալու են նաև չանցածների ձայները՝ չանցածների ձայները փոշիանալու են և այդ մանդատները բաշխվելու ենանցածների միջև, բայց փոքր կուսակցությունները, ովքեր միգուցե նոր են կայանում, ովքեր ինչ-որ կայացման ճանապարհին են, իրենց համար անցողիկ շեմը շատ կարևոր է։ Մենք նաև ավելացնում ենք այն նվազագույն քաղաքական ուժերի քանակն, ովքեր անկախ անցողիկ շեմից պետք է հայտնվեն խորհրդարանում, գործող օրենսգրքով երեք է դառնում է չորս, որպեսզի ավելի շատ ուժեր մտնեն Ազգային ժողով և քաղաքական դաշտը հետագայում ավելի բազմավեկտոր զարգանա, այս առումով փորձում ենք ինչ-որ լուծումներ տալ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, բայց գնդակը ոչ միայն մեր դաշտում է, այսինքն՝ քաղաքական ուժերն էլ պետք է գործողություններ կատարեն, որ կայանան, որպեսզի օգտվեն նաև այդ հնարավորություններից, նույն անվճար հնարավորություններից օգտվելու համար քաղաքական ուժերը պետք է ամեն դեպքում այնքան կայանան, որ մասնակցեն ընտրություններին»։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.