Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր Թեհրանի համալսարանում հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները հոգեբանական և տնտեսական ճնշումներով փորձում են Իսլամական Հանրապետությունում իշխանափոխություն իրականացնել։
Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վճռով Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի և միջազգային վեց տերությունների միջուկային պայմանագրից: 2015 թվականին «պատմական» որակումը ստացած այդ պայմանագրով Իրանը պետք է սահմանափակեր միջուկային հետազոտությունների ակտիվությունը և ստանար աշխարհի զարգացած պետությունների հետ տնտեսական համագործակցության հնարավորություն: Համաձայնագրին մաս կազմող մյուս երկրները՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը, հայտարարել են, որ շարունակում են հավատարիմ մնալ պայմանագրին։
ԱՄՆ և Իսրայելը ենթադրում են, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք ստեղծել, Թեհրանը պնդում է, որ իրանական միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:
Ռոհանին այսօր նաև հայտարարել է, որ ամերիկյան ճնշումների հետևանքով Իրանի ժողովուրդը ավելի միասնական է դարձել։