Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետին անվստահության՝ «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությունը դեռ անարձագանք է


Վանաձորի ավագանու նիստ, արխիվ
Վանաձորի ավագանու նիստ, արխիվ

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեմ անվստահության գործընթաց սկսելու մասին հայտարարությունից տասն օր անց մյուս խմբակցություններից դեռ արձագանք չի ստացել։

Խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն արձանագրում է, որ հեղափոխությանը միացած «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն և «Հայկական վերածնունդ» («Օրինաց երկիր») կուսակցությունների Վանաձորի ներկայացուցիչները «պատրաստ չեն Հանրապետական կուսակցության դեմ դուրս գալ տեղական մակարդակում»։

«Մենք դա հաշվի կառնենք, որ բացի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության 10 անդամներից, ավագանու մյուս 23 անդամներն ընդունում են Մամիկոն Ասլանյանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Եղիազարյանը։

Անվստահության գործընթաց սկսելու համար «Լուսավոր Հայաստան» խմբակցության 10 անդամներին պակասում էր ընդամենը մեկ ստորագրություն։ «Դե մենք ֆիքսեցինք, որ էս պահի դրությամբ ոչ ոք չմիացավ մեզ: Մենք նույնիսկ կոչ արեցինք, որ անհատապես ավագանիները կարող են միանալ՝ անկախ իրենց կուսակցական դիրքորոշումից, բայց փաստը նա է, որ առայսօր չունենք էն մեկ ստորագրությունը թեկուզ, որ ի կատար ածվեր անվստահության գործընթացը», - նշեց Եղիազարյանը:

Վանաձորի ավագանիում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ քաղաքապետի ընտրություններից երկու տարի անց անվստահության գործընթաց են սկսում։ Ավագանու «Բարգավաճ Հայասատան», «Դաշնակցություն» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունների 23 անդամներին կոչ արեցին միանալ իրենց նախաձեռնությանը։ Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն ասաց, որ հույս չունեն, թե Վանաձորի քաղաքական ուժերը մոտ ապագայում կփոխեն իրենց դիրքորոշումը։

«Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, մեր շրջայցերը, քաղաքի մասին մտածելը, նիստերին պետք է մասնակցենք, մեր 10 մանդատի շրջանակներում փորձելու ենք մեր լիազորությունները լրիվ դրսևորել», - ասաց Եղիազարյանը, «Ազատության» դիտարկմանը՝ այսինքն, անվստահության նոր գործընթաց մինչև հաջորդ ընտրությունները չեն ձեռնարկի, արձագանքելով․ - «Դե, էս պահի դրությամբ, էսօր, ասենք, էս հայտարարությունը կա, դա ցանկացած պահի հնարավոր է սկսել, բայց քանի դեռ չկա առաջարկ, չկա էդ 23 ավագանու մեջ մեկը, որ կմիանար մեզ»:

Վանաձորի ավագանիում Հանրապետական խմբակցությունն ընդամենը 13 մանդատ ունի։ Երկու տարի առաջ, քանի դեռ իշխանական կուսակցությանը չէին միացել իրենց ընդդիմություն հռչակած «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները, ավագանին չէր կարողանում նիստեր գումարել։ Երեք խմբակցությունների մեկ տարվա բոյկոտն ավարտվեց այն պահից, երբ «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Արկադի Փելեշյանն ստացավ փոխքաղաքապետի պաշտոնն ու խմբակցությունը 5 անդամներով ներկայացավ ավագանու նիստերին։

Ավագանու Հանրապետական խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանն ասում է՝ հետևել են «Լուսավոր Հայաստան»-ի՝ քաղաքապետի նկատմամբ անվստահություն սկսելու մասին հայտարարությանը։ «Ժողովրդավարություն է՝ ցանկացած մարդ կարող է իր դիրքորոշումը արտահայտել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մատինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանը, մի քանի օր առաջ ստանձնելով Լոռու մարզպետի պաշտոնը, հայտարարեց, որ Վանաձորի քաղաքապետի գործելաոճի մեջ իր՝ մարզպետի տեղակալ եղած ժամանակահատվածում արձանագրել է «որոշակի դրական փոփոխություններ»։ «Գործելաոճի մեջ, և՛ իմ, և՛ Մամիկոն Ասլանյանի՝ որպես մարզպետի տեղակալ և քաղաքապետ, ուրեմն էդ, որպես այդպիսի պաշտոնատար անձանց փոխհարաբերություններում, ես նկատել եմ պատրաստակամություն համագործակցելու և որոշակի հարցեր դրական ձևով արձագանքելու և լուծելու համար: Բայց հեռու եմ էն կարծիքին, որ քաղաքապետը՝ հենց Մամիկոն Ասլանյանը, իդեալական է ամեն ինչ քաղաքապետարանում, գործառույթներն իդեալական են: Իհարկե դա այդպես չէ, և կա մեծ աշխատանք անելու», - ասաց Ղուկասյանը:

Իսկ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձոր այցի ժամանակ շեշտեց, որ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի մասին կարծիք հայտնելու իրավունք ունի միայն համայնքի բնակիչը։ «Ուրեմն, գնահատական տալ Մամիկոն Ասլանյանի աշխատանքին, կարծում եմ, գործադիր իշխանությունը նման բան իրեն չպիտի վերապահի, այսինքն՝ արբիտրի դերակատարում գործադիր իշխանությունը իրեն չի կարող վերապահել: Մենք հաշվի ենք նստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Լոռու մարզի բնակիչների, Վանաձոր քաղաքի բնակիչների ցանկության հետ», - հայտարարեց Պապիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG