Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներից առգրավված զենքի և «Մարտի 1»-ի պարկուճների միջև համընկնում չկա․ ՀՔԾ պետ


ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 13-ը հոկտեմբերի, 2018թ․
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 13-ը հոկտեմբերի, 2018թ․

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներից առգրավված զենքերի և «Մարտի 1»-ի պարկուճների, գնդակների միջև «համընկնում չկա»: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը:

«Փորձաքննությունը ավարտվել է, Մարտի 1-ի դեպքի վայրից առգրավված պարկուճների և գնդակների հետ համընկնում չկա», - ասաց ՀՔԾ պետը:

Նրա փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը շարունակում է մնալ կալանավորված ապօրինի զենք պահելու գործով:

Շուրջ երկու ամիս առաջ հաղորդվել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալների հիման վրա խուզարկություն է իրականացվել «Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում», որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը», - նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել էին, ապա վերջինս կալանավորվել է՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:

Օրեր առաջ ձերբակալված, ապա կալանավորված գործարար Սամվել Մայրապետյանի գործի վերաբերյալ «Ազատության» դիտարկմանը՝ «փաստաբանները անհիմն են մեղադրանքը համարում և ասում են, որ օդից իջեցված մեղադրանքներ են», Հատուկ քննչական ծառայության պետը այսօր արձագանքեց․ - «Դա փաստաբանի գործն է երևի՝ իր պաշտպանյալի շահերից հանդես գալը, ես չեմ կարող մեկնաբանել փաստաբանի խոսքերը: Ես ընդամենը կասեմ մի պարզ ճշմարտություն՝ մեղադրանքը առաջադրվում է ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Եթե այդպիսի համակցություն ձեռք բերված չլիներ, հետևաբար՝ չէր լինի նաև մեղադրանքը»:

Մայրապետյանին առաջադրված մեղադրանքը, ըստ Խաչատրյանի, «կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ մեղադրանք է»: «Որևէ կերպ կապվո՞ւմ է «Մարտի 1»-ի հետ այս գործը», - «Ազատության» այս հարցին ՀՔԾ պետը պատասխանեց․ - «Այս պահին չեմ ցանկանա մեկնաբանել: Կոնկրետ մեղադրանքի մեջ նման ձևակերպում չկա»:

Լրագրողներից մեկի դիտակմանը, որ Մայրապետյանը առողջական խնդիրներ ունի, միգուցե խափանման միջոցը փոխվի, Սասուն Խաչատրյանը հակադարձեց․ - «Բոլոր մարդիկ էլ այս կամ այն չափով, մարդկանց մեծ մասը առողջական խնդիրներ ունեն, ինչ-որ չափով: Այ, [կալանքի հետ] էդ անհամատեղելի լինելու վերաբերյալ մենք տվյալներ չունենք»:

Մամուլում հայտնված տեղեկությունների առնչությամբ, թե Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն առաջիկայում՝ Էջմիածնի և Երկրապահ կամավորականների միության ընտրություններից հետո ազատ է արձակվելու, ՀՔԾ պետը հայտարարեց․ - «Ես չեմ կարող ասել՝ որտեղից են այդ հիմքերը, անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են, փորձաքննությունը նշանակված է: Ինչպես արդեն ասացի, բոլոր մարդիկ էլ, մարդկանց մեծ մասը, ավելի ճիշտ, ինչ-որ խնդիրներ ունեն առողջության հետ, խնդիրը այն է, թե այդ հիվանդությունները անհամատեղելի՞ են անազատության մեջ պահվելու հետ, թե՞՝ ոչ: Տվյալ դեպքում՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված, նման փաստ առայժմ չկա»:

Գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ, նա արդեն չորրորդ ամիսն է կալանավորված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG