Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնեց Երևանի քաղաքապետի լիազորությունները


Երևանի նորընտիր քաղաքապետն այսօր հանդիսավոր երդումը սկսեց երևանցիներին ուղղված սիրո խոստովանությամբ:

41-ամյա Հայկ Մարությանը երդվեց պահպանել Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները: Ասաց՝ մեկ առ մեկ հիշում է քարոզարշավի ընթացքում երևանցիներից ստացած հանձնարարություններն, ու փորձելու են դրանք հերթով ի կատար ածել:

«Ես խենթանում եմ մեր քաղաքի համար, սիրում եմ առավոտյան նոր ջրված փողոցների թարմ հոտը, աշխատանքի և դասերի շտապող Երևանը: Սա մեր Երևանն է, հրաշք քաղաք՝ հրաշք ճարտարապետությամբ, հրաշք պատմությամբ և հրաշք մարդկանցով: Եվ այսքանից հետո ո՞վ պետք է լինի մարդ, որ դավաճանի այս ամենը: Սիրելի՛ երևանցիներ, շնորհակալ եմ ձեզ վստահության համար», - ասաց Երևանի քաղաքապետը:

Քաղաքապետի երդման ստորագրված տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի թանգարանին: Երևանի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան՝ հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով, Հայկ Մարությանին հանձնեցին Երևանի ավագանու անդամ երգիչ Արթուր Իսպիրյանն ու մայրաքաղաքի պատվավոր քաղաքացի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Հանդիսավոր նիստին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ասաց՝ քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր վճարած հարկերը տեղ են հասնում:

«Էսօր, այո, մենք պետք է երաշխավորենք, որ մեր կառավարությունում, Երևանի քաղաքապետարանում գողեր չկան, ովքեր գողանում են ժողովրդի վճարած հարկերը: Մենք պետք է առաջնորդվենք հինը, քաղաքական հինը կամ նախկինում որևէ ներգրավվածություն ունեցած մարդկանց չմերժելու սկզբունքով, մերժելը ես անվանում եմ քաղաքական ռասիզմ: Մենք չպետք է թույլ տանք Հայաստանում քաղաքական ռասիզմի գոյությունը», - հայտարարեց վարչապետը՝ շարունակելով․ - «Մեր ամենամեծ առաքելությունը եղել է, կա և կշարունակի մնալ մեր երկրի քաղաքացիներին ներշնչել վստահություն սեփական ուժերի նկատմամբ, օգնել, որ մեր երկրի քաղաքացիները ոտքի կանգնեն»:

Հայ Առաքելական եկեղեցու Արարարտյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, դիմելով Երևանի 12-րդ քաղաքապետին, հնչեցրեց թավշա հեղափոխության «Քա՛յլ արա» կարգախոսը․ - «Վստահաբար կարող ենք ասել, որ ձեր միասնականության, նվիրումի և համագործակցության շնորհիվ «Քա՛յլ արա, Երևա՛ն» տեսլականը կդառնա իրականություն: Քա՛յլ արա, Երևա՛ն, քա՛յլ արա, երևանցի՛, ձեռք ձեռքի բռնած, միասնական քայլքով մոտեցի՛ր Աստծուն, հետևի՛ր նրա գծած ճանապարհներին, որը սիրո ճանապարհն է»:

Երդման արարողությունից հետո Հայկ Մարությանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ կադրային փոփոխություններ լինելու են: Կրկին անդրադառնալով քննադատությանը, թե իրենք բացարձակ մեծամասնություն են կազմում քաղաքապետարանում, վստահեցրեց՝ իր թիմի կազմում էլ քիչ չեն ընդդիմադիրները:

Նորընտիր քաղաքապետը հաստատեց, որ Էրեբունի-Երևան տոնակատարությունների ծախսերն իր հորդորով են կրճատվել՝ չնշելով, սակայն, կոնկրետ թիվ ու չառանձնացնելով կրճատված որևէ ծրագիր: «Տոնը վստահաբար չի տուժել և լինելու է շատ շքեղ և շատ հետաքրքիր մեր երևանցիների համար», - վստահեցրեց նա:

«Մենք պրոֆեսիոնալ մարդկանց պետք է գնահատենք, մարդկանց, որոնք անցել են մեծ ճանապարհ և ունեն մեծ ինստիտուցիոնալ հիշողություն և փորձ: Սա շատ կարևոր է», - ասաց քաղաքապետը:

Լրագրողների հարցին՝ արդյոք դա փոխքաղաքապետ Կամո Արեյանի՞ն է վերաբերում, Հայկ Մարությանն արձագանքեց, որ բոլոր փոփոխությունների մասին կասի․ - «Ես վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր փոփոխությունների մասին առաջինը դուք կիմանաք»:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ֆրակցիայի ներսում այնքան ուժեղ ընդիմություն կա, որ ես անգամ մեկ-մեկ պետք է դիմեմ և՛ «Բարգավաճ Հայաստան» ֆրակցիային, և՛ «Լույս» ֆրակցիային, որ էն որոշումը, որը ես մտածում եմ, որ ճիշտ է, իմ կողմից լինեն», - նաև ասաց Հայկ Մարությանը:

Նախկին քաղաքապետերից որևէ մեկն այսօր ներկա չէր նորընտիր քաղաքապետի երդման արարողությանը: Թեև Մարությանն ասաց, որ ըստ արարողակարգի՝ հրավիրատոմսեր են ուղարկվել իր նախորդներին, ԱԺ նախագահին, փոխնախագահներին, սակայն նաև նրանցից որևէ մեկն այսօր ներկա չէր:

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ ավագանու 65 մանդատներից 57-ը բաժին են հասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքին, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3-ը՝ «Լույս» դաշինքին:

Նորընտիր ավագանու առաջին նիստը կայացավ հոկտեմբերի 10-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG