Հայ-ֆրանսական գրական կապերն ավելի քան մեկդարյա պատմություն ունեն և հատկապես անկախությունից ի վեր մի շարք գրողներ հնարավորություն ստացան ազատ համագործակցել ֆրասիացի, ֆրանսագիր հեղինակների հետ և թարգմանաբար հայ ընթերցողին ներկայացնել ժամանակակից ոչ միայն ֆրանսիական, այլև ֆրանկաֆոն երկրների գրականությունը:
Անահիտ և Ալեքսանդր Թոփչյաններն տասնյակ ու տասնյակ գրքերի թարգմանությունների հեղինակներ են և հայ ընթերցողին են ներկայացնում բարձրարժեք ստեղծագործություններ:
Ալեքսանդր Թոփչյանի ֆրասերենից թարգմանած գրքերի թիվն այս տասնամյակների ընթացքում հասնում է շուրջ 80-ի:
«Քանի որ այս տոնակատարությունը կոչվում է ֆրանկոֆոն, այսինքն ֆրանսախոս, իմ աշխատանքը առնչվում է ուղղակիորեն այս տոնակատարությանը, որովհետև ես ոչ միայն ֆրանսիացի հեղինակների եմ թարգմանել: Թարգմանել եմ նաև ֆրանսագիր բելգիացի հեղինակներ, շվեյցարացի հեղինակներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանդր Թոփչյանը:
«Մենք մեր գործը Ալեքսանդրի հետ անում ենք, առանց որևէ կազմակերպությունների դիմելու, առանց ինչ-որ պրոյեկտների մեջ մտնելու, և ամեն տարի գոնե մի գիրք թարգմանում ենք», - հավելեց Անահիտ Թոփչայնը:
Ալեքսանդր Թոփչյանը շեշտեց, որ իր համար շատ կարևոր է եղել նաև այսօր հայ ընթերցողին ներկայացնել ոչ միայն ֆրանսագիր կամ ֆրանսախոս օտարազգի հեղինակների ստեղծագործություններ, այլ նաև ֆրասագիր սփյուռքահայ հեղինակների գրական երկերը․ - «Վահե Քաչայից ես 7-8 վեպ ունեմ թարգմանած: Ես նրա հետ մտերիմ էի, ընկերներ էինք: Կամ ֆրանսագիր բելգիացի, հայազգի նշանավոր գրող, գրականագետ Ժան Բատիստ Բարոնյանը: Նա էլ հոյակապ արձակագիր է: Կամ Վահե Գոդելը, որը իրեն հայկական արմատներով հպարտանում է, հսկայական վաստակ ունի․ քառասուն ժողովածու հայ բանաստեղծության թարգմանել և տպագրել է ֆրանսերեն հեղինակավոր հրատարակչություններում: Ոչ ոք այդպիսի ծավալի և որակի աշխատանք չի կատարել, և շարունակում է նա: Եվ ցավում եմ, որ նա ներկա չէ այստեղ: Ես դիմել եմ համապատասխան մարդկանց, խնդրել եմ: Առաջին հերթին նա պետք է գար, նա երկու մշակույթները միավորող խորհրդանիշն է․․․ Առաջին հերթին պիտի կանչեինք նրան: Ժամ Բատիստ Բարոնյանին պիտի կանչեինք․․․ Տխուր բաներից չխոսենք, խոսենք ուրախ բաներից: Ես սա համարում եմ կարևոր իրադարձություն, որ մենք մեր էությամբ, մեր մշակույթով եղել ենք մշտական կապի մեջ Ֆրանսիայի հետ և՛ քաղաքականապես, և գիտության, բոլոր ասպարեզներում: Այնպես որ, ես շատ կուզեի, որ մեր քաղաքական գործիչները․․․ մշակութային գործիչները ամեն մեկս առանձին մեր գործը անում ենք․․․ կուզեի, որ մեր քաղաքական գործիչները առիթից օգտվեն և կարողանան հօգուտ Հայաստանի կարևոր նախաձեռնություններ սկսեն: Մենք շատ խնդիրներ ունենք, որ պիտի կարողանանք ֆրանսախոս երկրների միջոցով լուծել, գոնե բարձրացնել, գոնե նկատելի դարձնել․․․ Ցույց ես տալիս այս ամենը, որ ահա տեսեք ինչ է կատարվում․ մենք պատերազմող երկիր ենք, մեզ փակել են, բարբարոսություն է․․․ որևէ նման փաստ ես պատմության մեջ տեսել․․․ Եվ հանդուրժում է Եվրոպան սա: Զբաղվե՛ք, խոսե՛ք այս մասին»: