«Հայ-ռուսական զորախումբը կոչված չի Արցախի կողմում որպեսզի գործողություններին մասնակցի: Դա լրիվ ուրիշ բան է: Բայց ագրեսիայի դեպքում էլ մենք չենք կարող հիմա ասել, թե ինչ զարգացումներ կստանա և ինչ գործողություններ կլինեն: Մենակ կարող եմ ասել, որ զորախումբը պատրաստ է իր խնդիրը կատարելու: Ընդամենը կարող եմ ասել, որ միացյալ զորախումբը, եթե պետք լինի, որ գործողությունների մասնակցի, մասնակցելու է և իր խնդիրը կատարելու է», - ասաց Փարվանյանը:
Հայ-ռուսական միացյալ զորախումբն այսօր շուրջ երկու հազար զինծառայողների, ծանր զրահատեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավվածությամբ լայնամաշտաբ, ավելի քան մեկ ժամ տևողությամբ զորավարժություն անցկացրեց Արմավիրում։
Զորավարժությունն անցկացվում էր առանց նախնական սցենարի, առաջադրանքները զինանձնակազմը ստանում էր տեղում հրամանատարական կենտրոնից։
Բաղրամյան զորավարժարանում էր նաև ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Հարցին, թե ինչու հայ-ռուսական միացյալ զորամիավորումը որևէ կերպ չի արձագանքում Հայաստանի սահմանին տեղի ունեցող միջադեպերին, Մակարյանն արձագանքեց․ - «Հայաստանի Հանրապետության տարածքին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում մենք պարտավոր ենք կիրառելու բոլոր հնարավոր ուժերն ու միջոցները»:
Ուղիղ դրված հարցին, թե ենթադրենք հայկական տարածքը ռմբակոծվում է Նախիջևանի կողմից, արդյոք կնախատեսվում են գործողություններ, Մակարյանը պատասխանեց․ - «Այս հարցի պատասխանը կտրվի պետական մակարդակով, ոչ զինվորական մակարդակով, որոշումը կկայացվի պետական մակարդակով, և դուք դա կլսեք»:
Ռուսական հրամանատարական կազմից այսօր վերոնշյալ թեմաների շուրջ չցանկացան խոսել՝ նշելով միայն, որ գոհ են զորավարժության նախնական արդյունքներից։