Իզմիրի ծանր հանցագործությունների երկրորդ դատարանում այսօր առավոտյան մեկնարկել է ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով թվով 4-րդ դատական նիստը:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ժամը 10-ի սահմաններում Բրանսոնը կնոջ և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի ուղեկցությամբ ամերիկյան դեսպանատանը պատկանող զրահապատ ավտոմեքենայով ժամանել է Իզմիրի Ալիաղա քրեակատարողական հիմնարկի մասնաշենք, որտեղ և ընթանում է դատավարությունը: Նիստը մեկնարկել է 10:30-ի սահմաններում, գործում ներգրավված երեք վկաների ելույթներից հետո այն ընդհատվել է մեկ ժամանոց ընդմիջմամբ:
Դատական նիստը այժմ շարունակվում է:
50-ամյա պաստոր Էնդրյու Բրանսոնը, ում 35 տարվա ազատազրկում է սպառնում, ձերբակալվել է երկու տարի առաջ՝ Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո: 2016-ի հոկտեմբերին ձերբակալվելուց երկու ամիս անց Բրանսոնը կալանավորվեց ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով: Միայն այս տարվա հուլիսի 25-ին թուրքական դատարանը տնային կալանքով փոխարինեց Բրանսոնի խափանման միջոցը: Պաստորի փաստաբանը, սակայն, պնդում է, որ իր պաշտպանյալի մեղքն ապացուցող փաստեր չկան, և հետևաբար նա պետք է անհապաղ ազատ արձակվի: