Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Էր-Ռիյադից պարզաբանումներ է պահանջում անհետացած լրագրողի հարցով


Թուրքիա - Բողոքի ակցիա Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի դիմաց՝ «Ջամալ Հաշոգին հոկտեմբերի 2-ից անհետացել է», 9-ը հոկտեմբերի, 2018թ․
Թուրքիա - Բողոքի ակցիա Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի դիմաց՝ «Ջամալ Հաշոգին հոկտեմբերի 2-ից անհետացել է», 9-ը հոկտեմբերի, 2018թ․

Վաշինգտոնը պարզաբանումներ է պահանջում մերձավոր դաշնակից Էր-Ռիյադից՝ հայտնի լրագրողի անհետացման հարցով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար լռությունից հետո ի վերջո հայտարարել է, թե «ամենաբարձր մակարդակով» խոսակցություն է ունեցել սաուդյան իշխանությունների հետ՝ պահանջելով պարզաբանել ամերիկյան The Washington Post պարբերականի մեկնաբան Ջամալ Հաշոգիի անհետացումը:

Սաուդյան իշխանությունների կոշտ քննադատը, ով մեկ տարի առաջ ինքնակամ աքսորի է դիմել՝ հաստատվելով ԱՄՆ մայրաքաղաքում, հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել: Միջազգային, այդ թվում թուրքական որոշ աղբյուրների տվյալներով՝ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս է բերվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից: Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունը կազմակերպվել է սաուդյան իշխանությունների հովանու ներքո, որ հանցագործությունն իրականացնելու համար այդ երկրից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, վերադարձել են հայրենիք:

Էր-Ռիյադը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ պնդելով, թե լրագրողը հյուպատոսարան մտնելուց քիչ անց լքել է շենքի տարածքը: Ապացույցներ, սակայն, մինչ այս պահը չեն ներկայացվել:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը տեղեկացրել է, որ անցած երկու օրերին Սաուդյան Արաբիայի կառավարության հետ լրագրողի հարցով շփումներ են ունեցել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Մենք շատ հիասթափված ենք տեղի ունեցածով: Դա մեզ դուր չի գալիս, և մենք փորձում ենք գտնել ճշմարտությունը», - նախօրեին հայտարարում էր Դոնալդ Թրամփը՝ առանց մանրամասնելու, թե ինչ է իրեն տվյալ պահին հայտնի: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ դեռ պետք է հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել, և միայն դրանից հետո կձեռնարկեն քայլեր:

Նախագահ Թրամփին մասնավորապես հարցրել են, թե ինչ տեղի կունենա Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի միջև, եթե Վաշինգտոնը գա այն եզրահանգման, որ լրագրողի անհետացման ետևում կանգնած է դաշնակից Էր-Ռիյադը: Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե «ամենևին ուրախ չի լինի իրադարձությունների նման զարգացման դեպքում»:

Մեկնաբանելով Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու՝ ամերիկացի օրենսդիրների առաջարկը, Թրամփը կարծիք է հայտնել, թե նման քայլը առաջին հերթին կվնասի Միացյալ Նահանգներին:

Թուրքիայում տեղի ունեցած աղմկահարույց այդ միջադեպի հարցով պաշտոնական Անկարայի պահվածքը առանձնանում է զգուշավորությամբ: Թուրքական իշխանությունները խուսափում են հասցեական մեղադրանքներից և հետաքննության մանրամասները մամուլին են փոխանցում՝ հիմնականում նախընտրելով մնալ որպես անանուն աղբյուր: Վերլուծական շրջանակները նկատում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի զսպվածությունը պայմանավորված է նաև հարուստ և ազդեցիկ տարածաշրջանային խաղացողի հետ հարաբերությունները է՛լ ավելի չսրելու վախով: Առանց այդ էլ Թուրքիան բավական լարված հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի հետ, մասնավորապես՝ Կատարի շուրջ զարգացումների պատճառով: Պարսից ծոցի երկրների հետ տարաձայնությունների հարցում Թուրքիան աջակցում է Կատարին, որի հետ Էր-Ռիյադը անթաքույց թշնամական հարաբերություններ ունի:

59-ամյա Ջամալ Հաշոգիի անհետացումը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն միջազգային լրագրողական, այլ նաև քաղաքական շրջանակներում: ՄԱԿ-ը, գերտերությունների ղեկավարներ, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են անում Էր-Ռիյադին պարզել լրագրողի անհետացումն ու պատժել մեղավորներին: Ժամանակին Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ սերտ կապեր ունեցող լրագրողը վերջին մեկ տարում ամերիկյան մամուլում կոշտ քննադատում էր հայրենիքում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես թիրախավորելով թագավորության ամենաազդեցիկ դեմքին՝ թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին և նրա վարած ռեպրեսիվ քաղաքականությունը՝ Եմենում շարունակվող պատերազմը, սաուդցի այլախոհների նկատմամբ հետապնդումները, ակտիվիստների ձերբակալությունները:

Հաշոգին աշխարհում թերևս ամենահայտնի սաուդցի լրագրողներից է, նա ժամանակին շփումներ է ունեցել նաև «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ՝ ծագումով սաուդցի Ուսամա բին Լադենի հետ և տարբեր տարիների նրանից հարցազրույցներ վերցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG