Մատչելիության հղումներ

Ջասթին Թրյուդո․ «Միասին ստեղծել ենք մի համաժողով, որտեղ հավասար գործընկերներ ենք»


Կանադայի վարչապետը Ջասթին Թրյուդոն Ֆրանկաֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր ելույթում հիշեց ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին՝ ասելով, որ շանսոնյեն մանրամասն տեսնում էր ֆրանսերենի բոլոր նրբերանգները և մշակութային նրբությունները:

«Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր հնարավորություն ունեմ խոսելու ձեզ հետ: Ցանկանում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ամբողջ հայ ժողովրդին, որը ջերմորեն ընդունեց մեզ ձեր գեղեցիկ երկրում: Սա հպարտության մեծ աղբյուր է նաև Կանադայի տասնյակ հազարավոր հայերի համար, ովքեր այսօր մեզ տեսնում են համախմբված Երևանում», - ասաց Կանադայի վարչապետը՝ շարունակելով․ - «Ինչպես իմ բոլոր գործընկերները, այսօր ես չեմ կարող լինել Հայաստանում և խոսքս չսկսել հիշատակելով մի մարդու, ում շատ սիրում էի, ով, ցավոք սրտի, լքեց մեզ անցյալ շաբաթ՝ ֆրանսերենի սիրահար, անհավանական Շառլ Ազնավուրին։ Օրեր շարունակ աշխարհի բոլոր ֆրանկոֆոնները սգում էին նրա մահը։ Մարդ, ով գնահատում էր մեր լեզվի նրբությունները, մեր մշակույթների բազմազանությունը»:

«Երբ նայում եմ շուրջս, հասկանում եմ, որ համերաշխության ոգին առկա է այստեղ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում», - հայտարարեց Թրյուդոն:

«Միասին մենք ստեղծել ենք մի համաժողով, որտեղ հավասար գործընկերներ ենք, հարգալից մեկս մյուսի հանդեպ: Մի տարածք, որտեղ մեր երկրները կարող են ծաղկել, լսել միմյանց և լսել միմյանց ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիայի երկրները լավագույն հնարավորություններն ունեն կառուցելու 21-րդ դարի տնտեսությունը՝ ուժեղ, կայուն, բարգավաճ և ընդգրկուն մի տնտեսություն: Աշխարհում ամենաբարձր աճը գրանցող տասը տնտեսություններից հինգը ֆրանկոֆոն երկրների տնտեսություններն են», - շեշտեց Կանադայի վարչապետը:

«Կանադան հուսալի գործընկեր է՝ պատրաստ աջակցել իր դաշնակիցներին, որոնք նոր մարտահրավերներ են դիմագրավում և նոր հնարավորություններ ձեռք բերում: Կանադան կշարունակի ակտիվորեն աջակցել և պաշտպանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և կանադական արժեքները, որոնք են՝ մարդու իրավունքները և ֆրանսերենը: Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել միասին ապրելու այս կարգախոսը, քանի որ միայն ու միայն համատեղ ջանքերով կարող ենք հաղթահարել ներկայիս դարաշրջանի մարտահրավերները և օգտվել մեզ ընձեռվող հնարավորություններից», - հայտարարեց Ջասթին Թրյուդոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG