Հայաստան բառը շատ նուրբ և հուզիչ զգացումներ է առաջացնում ֆրանսիացիների հոգում, այսօր Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ նախ շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար, ապա շնորհավորելով «գագաթնաժողովի կատարյալ կազմակերպման համար»։
«Այսօր մի մեծ ընտանիք է հավաքվել Երևանում, մոլորակի մասշտաբներով մի ընտանիք, որը ներկա է բոլոր մայրցամաքներում։ Մենք բոլորս պատկանելով այդ ընտանիքին՝ չունենք մաշկի նույն գույնը, մեր աստվածները չունեն նույն անունները, մեզնից ոմանք նաև չեն հավատում Աստծուն: Մենք ունենք տարբեր աղբյուրներից բխող պատմություն, մեր երգերը նման չեն իրար, անգամ եթե նույնանման հնչողություն ունեն։ Մեր միջև եղել են վերքեր, որոնք նոր սկսում են փակվել», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահը:
«Չնայած այդ բազմազանություններին, այսօր այս բոլոր ընտանիքները հավաքվել և համախմբվել են մի լեզվի շուրջ։ Այս լեզուն՝ ֆրանսերենը, մենք ընկալում և արտահայտում ենք բազմազանությամբ, սակայն բոլորս իրար հասկանում ենք, և այն չի պատկանում որևէ մեկին, այն պատկանում է բոլորին: Այս լեզուն կարողացել է ընկալել բոլորի մտքերը՝ Սենգորի, ՅՈւՆԵՍԿՕ-ի, Շառլ Ազնավուրի, Մոդիանոյի և շատ այլ մարդկանց: Մեր կապը, բացի այս լեզվի միջոցով արտահայտվելուց, արտահայտվում է նաև աշխարհին ուղղված տեսլականով, որն ամեն օր վերաիմաստավորվում և թարմացվում է: Բոլոր հույսերը, խաղաղությունը, եղբայրության ցանկությունները, արդարությունը՝ այս ամենը ընկած է մեր կազմակերպության հիմքում», - ասաց Մակրոնը:
Ընդգծելով, որ սա շատ կարևոր պահ է Հայաստանի համար, Ֆրանսիայի նախագահը շարունակեց․ - «Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ տեղ է զբաղեցնում ֆրանսիացիների սրտում: Հայաստանը Ֆրանսիայի և ամբողջ ֆրանկոֆոն աշխարհի համար նաև մի ձայն էր, ձայն, որը վերջերս հանգչեց և որը ընկղմում է մեր երկրները տխրության ու վշտի մեջ, շանսոնի հսկայի ձայն, հանճարեղ արտիստի, որն ամենքից լավ էր խոսում մեր տառապանքների, մեր երջանկության, անցնող ժամանակի տխրության, երիտասարդության անհոգության մասին, որը երգում էր թեթևությունը, արտաքսմանը ուղեկցող թախիծով, աշխարհում լինելու մեր այնքան յուրահատուկ կերպը: Այդ երգիչը, որը ներկայացնում էր ֆրանկոֆոն աշխարհը ամբողջ երկրագնդի վրա, բոլորս գիտենք, հայ էր: Նա պաշտպանում էր ձեր երկիրը և իր հիշողությունը, նա խթանեց ամբողջ աշխարհում առաջացած համերաշխության մղումը, երբ ավերիչ երկրաշարժը պատուհասեց ձեր երկիրը, նա մեզ սովորեցրեց պաշտել, սիրել ձեր առանձնահատուկ, խիզախ, անկախ ժողովրդին, նրան արժանին մատուցել՝ ամբողջությամբ ճանաչելով սարսափելի ցեղասպանությունը, որին զոհ էր դարձել: Դեռ երկար ժամանակ, և դա մարդու հանճարի նշաններից է, մեր երկրները իրար կնայեն մեր ժողովուրդների այն ընդհանուր գանձի միջով, որն էր Շառլ Ազնավուրը»:
Ընդգծելով, որ այսօր տեսանելի են աշխարհով մեկ տեղի ունեցող հսկայական փոփոխություններ՝ Մակրոնը միևնույն ժամանակ ասաց, որ՝ աշխարհի իրավիճակն այսօր խաթարված է ստերով, ատելության քարոզով։
«Այն կանոնները, որոնց շուրջ մենք կարողացել ենք համախմբվել վերջին տասնամյակներին այլևս չեն գործում: Մարդու արժանապատվությամբ, կին-տղամարդ իրավահավասարության, այս բոլոր հարցերը հարձակման են ենթարկվում բոլոր մայրցամաքներում», - ասաց Մակրոնը՝ շարունակելով. - «Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան այս իրադարձությունների ընթացքում: Այն, ինչ մենք պետք է անենք, հետևյալն է՝ ստեղծել բոլորին սթափության հրավիրելու իրավիճակ»։
Ըստ Մակրոնի, Ֆրանկոֆոնիան պետք է լինի այն հարթակը, որտեղ կարտահայտվի համախմբված սթափություն, չպետք է լինի հարթակ, որտեղ հնչում են դատարկ բառեր: