Մատչելիության հղումներ

«Հիմնավոր կասկած ունեմ, որ Խանդոյանի առողջության վրա ազդել է դատարանի նկուղում նրան խոշտանգելը»․ պաշտպան


Ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մահվան դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը թեև հայտնի կլինի վաղը, սակայն նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը հիմնավոր կասկածներ ունի, որ վաղաժամ մահվանը նպաստել է 2017 թվականի հուլիսին դատարանի նկուղում նրան ծեծելը:

«Ամեն դեպքում ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ Արայիկ Խանդոյանի առողջության վրա էականորեն ազդել է անցած տարվա ամռանը դատարանում նրա նկատմամբ կիրառված բռնությունը՝ խոշտանգումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պապիկյանը։

Բժշկի նախնական եզրակացությամբ, Խանդոյանը մահացել է սրտի կաթվածից։

Դատաբժշկական փորձաքննությանը կմասնակցի նաև 47-ամյա Խանդոյանի հարազատների հրավիրած փորձագետը:

«Թող ոչ ոք չկասկածի՝ գնդապետ, կամ՝ փոխգնդապետ, նախկին, կամ ներկա նախագահներ, թող որևէ մեկը չկասկածի՝ եթե ի հայտ կգան մեղավոր անձինք, թեև մենք գիտենք, որ ծեծի փաստով մեղավոր անձինք կան, և նաև Արայիկի մահվան փաստը դրա հետ առնչություն ունի՝ կա պատճառահետևանքային կապ, ապա բոլորը պետք է պատասխան տան», - ասաց փաստաբանը։

Հանրությանը «Միայնակ Գայլ» անվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը վերջին երկու տարին անցկացրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, պաշտպանների պնդմամբ, անմարդկային պայմաններում:

Նա կալանավորվել էր 2016 թվականի ամռանը «Սասնա Ծռեր» խմբի՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Գնդի գրավման ընթացքում, հիշեցնենք, երեք ոստիկան է մահացել:

Մեկ տարի առաջ Խանդոյանը և խմբի այլ անդամներ հայտարարել էին, թե դատարանի նկուղում մի խումբ ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկել իրենց: Այդ դեպքից մեկ տարի անց էլ, ըստ պաշտպանի, Խանդոյանը հաճախ գանգատվել է գլխապտույտից, գլխացավերից, վատ լսողությունից։

«Նրա առողջությանն այն վնասը, որը հասցվել է՝ դատարանի նկուղում նրան ծեծի ենթարկելու, երբ մեկ տասնյակից ավելի մարդիկ, ովքեր ոստիկանի համազգեստ էին կրում, հերթ էին կանգնել՝ Արայիկին ծեծելու համար. անբնական, մարդուն ոչ վայել պահվածքով հերթով ծեծում էին, ընդ որում հարվածները հիմնականում հասցվում էին գլխին։ Վատը նա էր, որ սկզբնական շրջանում անհրաժեշտ բուժօգնություն նա չի ստացել, և հենց այդտեղից էլ ենթադրում եմ, որ նաև իմ ենթադրությունը հիմքեր ունի, որովհետև հետագա ամբողջ շրջանում՝ մեկ տարուց ավել գոնե լսողության խնդիրները, գլխացավերն ու գլխապտույտները, որոնք մինչ այդ դեպքը, որպես կանոն նրա կողմից երբևէ չի բարձրաձայնվել և չի ասվել դրա մասին, դրանից հետո ինքն արդեն մշտապես հայտնել է», - ասաց Պապիկյանը։

Խանդոյանի առողջական վիճակի և կալանքի տակ գտնվելու անհամատեղելիության մասին պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, սակայն, նախկին իշխանության օրոք ընթացք չի տրվել բողոքներին, իսկ խափանման միջոցը փոխելու միջնորդությունները դատարանը մերժել է:

«Գիտեք, եթե անդրադառնամ, թե ինչպես են արձագանքում՝ Քրեակատարողական վարչությունը, Արդարադատության նախարարությունը, կամ պատկան մարմիններն ընդհանրապես, դա անձի նկատմամբ արհամարհական վերաբերմունք էր. մի կողմից Արայիկ Խանդոյանի առողջության նկատմամբ այդ հանցավոր անտարբերությունը, մյուս կողմից փաստաբանի միջնորդություններին, կամ դիմումներին պատասխանելը, դրանք ոչինչ չասող գործողություններ էին», - ասաց Պապիկյանը։

Դատարանի նկուղում Խանդոյանին և «Սասնա Ծռեր» խմբի մյուս անդամներին ծեծի դեպքով քրեական գործ հարուցվել էր, սակայն գործում մեղադրյալ ներգրավվեց միայն հեղափոխությունից հետո. միակ մեղադրյալը «Սասնա Ծռեր»-ին ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանն է:

«Ամիսներ հետո Սերժ Սարգսյանից պարգև ստացավ, ուսադիրները փոխվեցին՝ փոխգնդապետից գնդապետ դարձավ, եթե չեմ սխալվում։ Սա այն պարգևն էր, որը, հավանաբար, նաև իր մեջ պարունակում էր տղաների ծեծի կազմակերպումը», - նշեց Պապիկյանը։

Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը փոխվեց հեղափոխությունից հետո, ազատության մեջ ազատամարտիկը հասցրեց ապրել երկուսուկես ամիս:

Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա: Որպես ղարաբաղյան պատերազմի մասնակից՝ արժանացել է պարգևների և մարտական մեդալների, սակայն, ի նշան իշխանությունների դեմ իր բողոքի, 2015 հրաժարվել էր դրանցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG