Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ում փոփոխություններ լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու. Ֆելիքս Ցոլակյան


Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում փոփոխություններ բնականաբար լինելու են, բայց կադրային ջարդ չի լինելու, այսօր հայտարարել է արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նախարարությունում ընդլայնված խորհրդակցության ժամանակ։

Ըստ ԱԻՆ հաղորդագրության, Ցոլակյանն առաջին հերթին շեշտել է ԱԻ նախարարության համակարգում աշխատանքային կարգապահության պահպանման անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ խրախուսվելու է աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, լավ աշխատանքը գնահատվելու է, իսկ վատը՝ պատժվելու:

«Մեր գերատեսչության կարևորագույն նպատակը ժողովրդին ու հասարակությանը ծառայելն է, որը պետք է իրականացնել պատշաճ կարգով և պատասխանատվության բարձր զգացումով», - նշել է ԱԻ նախարարը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ցոլակյանը մի շարք հանձնարարականներ է տվել գլխավոր քարտուղարին և առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

Ֆելիքս Ցոլակյանն այս պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 4-ին։

Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության օրինագծին «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների կողմ քվեարկելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում առաջարկեց Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան»-ի քվոտաներով նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատել: Վարչապետի բնութագրմամբ՝ այդ օրինագիծը դավադրություն էր հայ ժողովրդի դեմ և հակահեղափոխություն:

Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նախարարներին աշխատանքից ազատելու Փաշինյանի առաջարկը. աշխատանքից ազատվեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG