Ադրբեջանի պետական Միջազգային բանկի (IBAR) նախկին ղեկավարի կինը՝ Զամիրա Հաջիևան Լոնդոնում՝ ընդամենը մեկ խանութում և մեկ օրում, ավելի քան 197 հազար դոլար է ծախսել՝ ոսկեղենի վրա:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների, 55-ամյա ադրբեջանուհին ոսկեղենից բացի անտարբեր չի եղել նաև անշարժ գույքի նկատմամբ։ Տարիներ առաջ նա ավելի քան տասը միլիոն դոլար է վճարել Լոնդոնի կենտրոնում գտնվող բնակարանի համար, որից քիչ հեռու գտնվող Harrods խանութում տասը տարում ծախսել է 21 միլիոն դոլար:
Այժմ Հաջիևան կանգնած է լոնդոնյան դատարանի առաջ. Բրիտանիայի տարածքում նա դարձել է առաջին մարդը, ում դեմ իշխանությունները հայց են ներկայացրել՝ եկամուտի աղբյուրները բացահայտելու պահանջով:
Հաջիևայի ամուսինը՝ Ջահանգիր Հաջիևը երկու տարի է գտնվում է ադրբեջանական բանտում՝ խոշոր միջոցներ յուրացնելու և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներով, որոնք մինչ օրս չի ընդունում: