Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ամերիկյան Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին նախատեսված ընտրություններից հետո, այսօր հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Ըստ Դոնալդ Թրամփի, հանդիպման վայրը դեռ որոշված չէ՝ չբացառելով, որ այն կարող է տեղի ունենալ Ֆլորիդայում՝ իր նստավայրում:
Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջին և առայժմ միակ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսին Սինգապուրում՝ Փհենյանի իրականացրած միջուկային փորձարկումների պատճառով լարված հարաբերությունների ֆոնին:
Բանակցություններից հետո երկու առաջնորդները հռչակագիր էին ստորագրել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման, լարվածությունը թուլացնելու մասին: