Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կարճատև զրույցը Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովում, օգնեց նվազեցնել լարվածությունը Ղարաբաղում, հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
«Ես ինքս եմ ականատես եղել՝ ինչպես են Ալիևն ու Փաշինյանը բազմիցս մոտեցել իրար և քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը: Արդյունքն ակնհայտ է՝ այժմ լարվածությունը տարածաշրջանում նվազել է», - այսօր Մինսկում հայտարարել է Լեբեդևը՝ հավելելով․ - «Մենք շատ մեծ հույս ունենք, որ առաջնորդների այդ բովանդակային շփումը կշարունակվի և դրական արդյունքների կհանգեցնի»:
Սեպտեմբերի 28-ին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կարճատև զրույցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը մեղմելու և հրադադարի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ, արձանագրել են, որ Ղարաբաղի հարցը բանակցությամբ պետք է կարգավորվի, և պայմանավորվել են կողմերի միջև օպերատիվ կապ ստեղծել։ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը իր հաղորդագրությունում վերահաստատեց Հայաստանի վարչապետի հաղորդած տեղեկությունները ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։