«Ես կարող եմ ասել, որ պարոն Աշոտյանը շատ բուռն երևակայություն ունի», - հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ գործադիր իշխանությանը ուղղած մեղադրանքները:
Երեկ «Ազատության» հետ զրույցում Աշոտյանը պնդել էր, թե խորհրդարանում ընթացող ստորագրահավաքին որոշ հանրապետական պատգամավորներ միացել են ճնշման ներքո: «Իմ ունեցած տեղեկություններով, մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը՝ բոլոր իր հնարավորություններով», - մասնավորապես հայտարարել էր Հանրապետականի փոխնախագահը:
«Այս օրերին բազմաթիվ պատգամավորներ կողմ արտահայտվեցին ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, օրինակ՝ պատգամավորներից մեկի՝ Տաճատ Վարդապետյանի հետ երեկ առաջին փոխվարչապետն էր հանդիպել: Նման բանակցություններ այլ պատգամավորների հետ տարվո՞ւմ են, օրինակ՝ Ձեր կողմից», - այս հարցին փոխվարչապետը պատասխանեց․ - «Երեկ ես հանդիպել եմ Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Այո, միանշանակ տարվում են: Քննարկել ենք ոչ միայն գալիք ընտրությունները, նաև քննարկել ենք ապագայում քաղաքական իրավիճակը Հայաստանում և ապագայում քաղաքական համակարգի կայունացման համար ձեռնարկվող քայլերը: Բայց կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բոլոր խմբակցությունների և հիմնականում բոլոր պատգամավորների մոտ կա այն գիտակցումը, որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտություն են և դրանք պետք է տեղի ունենան այս տարի»:
Հարցին՝ «Դուք միայն Դաշնակցությա՞ն հետ բանակցությունների մասին էիք խոսում, թե՞ կան այլ պատգամավորներ, ում հետ բանակցել եք», Ավինյանը արձագանքեց․ - «Անձամբ ես բանակցել եմ միայն Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Ինչպես գիտեք, պարոն Միրզոյանը հանդիպել է Տաճատ Վարդապետյանի հետ, նաև հանդիպել է պարոն Կոստանյանի հետ: Սա է եղել հիմնական հանդիպումները, որոնք տեղի են ունեցել»:
Հարցին էլ՝ նախատեսո՞ւմ են արդյոք ինքը կամ կառավարության իրենց թիմի այլ ներկայացուցիչներ նմանատիպ հանդիպումներ Հանրապետական խմբակցության կամ այլ խմբակցությունների այլ պատգամավորների հետ, փոխվարչապետը պատասխանեց․ - «Գիտե՞ք, եթե դրա կարիքը լինի: Ամեն դեպքում, այո, կնախատեսենք, եթե կարիք լինի նման բանակցությունների: Բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, թե ինչ է իրավիճակը Հայաստանում, և կա այն գիտակցումը՝ հիմնական մասի մոտ պատգամավորների, իմ տպավորությամբ, համենայն դեպս, որ Ազգային ժողովի ընտրությունները արտահերթ դեկտեմբերին այլընտրանք չունեն»:
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ներկայիս և նախկին անդամ 16 պատգամավորներ երեկ հայտարարություն են տարածել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը միանալու մասին: