Վարչապետ Փաշինյանը հիշեցնում է ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկին՝ Միացյալ Նահանգների երկրորդ նախագահ Ջոն Ադամսին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր ԱՄՆ դեսպանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հանդիպման ժամանակ Միլզը Հայաստանի վարչապետի նվիրել է Ջոն Ադամսի մասին գիրքը, և ԱՄՆ դեսպանին այսօր խնդրեցին պարզաբանել, թե նման քայլով ինչ ուղերձ էր ցանկանում հղել:
«Ուղերձը շատ բարդ ու գաղտնի չէ: Հայաստանի վարչապետը շատ առումներով հիշեցնում է ինձ Ջոն Ադամսին, ով ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկն էր ու դարձավ մեր երկրի երկրորդ նախագահը: Հայաստանի վարչապետի նման՝ Ադամսը առաջնորդեց մարդկանց, ովքեր ցանկանում էին փոփոխություններ ու ժողովրդավարություն տեսնել երկրում: Ադամսը լինելով ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրողներից մեկը՝ իր ողջ կյանքն ապրեց ապահովելու, որպեսզի ժողովրդի կամքը մշտապես լսելի լինի», - ասաց Ռիչարդ Միլզը:
«Շատ կարևոր է այն, ինչ Ադամսից վերցրել ենք, ինչը նա կարևորել է տարիներ առաջ, որպեսզի քաղաքական շարժում, քաղաքական առաջընթաց լնինի, անհրաժեշտ է, որպեսզի լինի բաց, քաղաքակիրթ երկխոսություն, որում ներգրավված կլինեն բոլորը: Գիրքը մակագրելով վարչապետի համար՝ մեջբերել եմ Ադամսի խոսքերը, որտեղ նա ասում էր՝ հեղափոխությունը ԱՄՆ-ում չի եղել փողոցներում, այլ եղել է մարդկանց մտքում, մարդկանց մեջ, երբ նրանք կարողացել են լսել միմյանց: Իմ ուղերձն է՝ լսել միմյանց, փոխվել ներքուստ: Դա այժմ շատ արդիական է, ինչպես այն ժամանակ՝ Միացյալ Նահագներում: Կարծում եմ, վարչապետն այս ամենը քաջ գիտակցում է, և ես ուզում էի, որպեսզի նա մի փոքր ավելին իմանա Ադամսի մասին», - հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը: