Մատչելիության հղումներ

Ավարտվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախարարական համաժողովը


Այսօր Երևանում արդեն երկրորդ օրն ընթացավ և երեկոյան ամփոփվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախարարական համաժողովը, որին ներկա էին ավելի քան 70 երկրների պատվիրակություններ։

Լրագրողների համար փակ համաժողովի ընթացքում համաձայնեցվել է արդեն բուն գագաթնաժողովի օրակարգը, քննարկվել են ընդունվելիք բանաձևերը։

«Մեր օրակարգի գլխավոր հարցը ֆրանկոֆանիայի զարգացումն է։ Մոնակոն ցանկանում է վերահաստատել իր ներգրավվածությունը այդ գործում», - ասաց Մոնակոյի արտգործնախարար ժիլ Տոնելին, ավելացնելով, որ վաղը երևան կժամանի Մոնակոյի արքայազնը։

Հայաստան ժամանող երկրների առաջնորդներից շատերը կհանդիպեն Հայաստանի վարչապետին: Էստոնիայի պատվիրակության ղեկավար, դեսպան Ալար Ստրեյմանի խոսքով՝ արդեն դիմել են Փաշինյանի գրասենյակին Էստոնիայի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև հանդիպում կազմակերպելու համար․ - «Մեր նախագահը կժամանի Հայաստան։ Գուցե հանդիպում տեղի ունենա մեր նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, բաց այստեղ գագաթնաժողովին բոլորը շատ զբաղված են լինելու, այնպես որ, սպասենք, տեսնենք ինչպես կստացվի։

Մինչ այդ Ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար, դեսպան Ալար Ստրեյմանը, պատասխանելով «Ազատության» հարցին, նշեց, որ կան նոր հնարավորություններ Հաայստանի և Էստոնիայի հարաբերությունների զագացման։

Եվրամիության արևելյան հատվածի տնտեսական ամենամեծ հաջողությունները գրանցած այս երկրի ներկայացուցչի խոսքով՝ տնտեսությունն արագ զարգացնելու համար ամենակարևոր քայլերը թափանցիկ ու վստահելի դատաիրվական համակարգ ունենալն է․ - «Դատական համակարգը, իրավական համակարգը, սրանք մեր հաջողության պատմությունների բանալիներն են։ Ինչ վերաբերվում է երկու երկրների հարաբերություններին, նշեմ, որ ոչ միայն Հայաստանը, այլ ողջ տարածաշրջանը շատ հետաքրքրում է Էստոնիայի գործարարներին: Հատկապես Վրաստանը, այնտեղ արդեն շատ ներդրումներ են արվել»:

Հայաստանում Արգենտինայի դեսպան, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցող Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի խոսքով՝ օրենքի գերակայության ու թափանցիկությանը ավելացման ուղղությամբ կատարվող քայլերը, Հայաստանի հանդեպ մեծացնում են հետաքրքրությունը․ - «Մեր պարագայում, հատկապես Արգենտիանայի հայերը մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանի իրադարձություններին: Ես վստահ եմ, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծ թվով արգենտինահայեր կգան այստեղ ու ներդրումներ կանեն»։

Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Զաքի Նուսեյբեհը նշեց, որ Հայաստանում անցկացվող այս գագթնաժողովը ևս մի առիթ է զարկ տալու Հայաստանի և ԱՄԷ-ի հարբերություններին․ - «Երևանն աշխարհի ամենահին քաղաքներից է և գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններից 3 ժամ հեռավորության վրա: Մեր երկիրը սկսել է բացահայտել Հայաստանը. մեր երկրից Հայաստան այցելողների թիվը օր օրի աճում է»։

Ֆրանկոֆոնիայի համաժողովի այսօրվա միջոցառումները ամփոփվեցին Ազատության հրապարակում, որտեղ երեկոյան պաշտոնապես բացվեց Ֆրանկոֆոն երկրների ավանը։

XS
SM
MD
LG