Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյան․ Աշխարհում որևէ մայր չի ուզում, որ իր երեխան սպանվի պատերազմի դաշտում


«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրը Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է: Ստորև ներկայացնում ենք մի հատված զրույցից․

«Ազատություն»․ - Օգտատերերից մեկը՝ Տիգրան Խաչիկյանը ասում է՝ երբ Դուք նման հումանիստական մտքեր եք հայտնում մեր թշնամու զինվորների մասին, որքանո՞վ են դրանք համապատասխանեցված արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության հետ: Դուք վաղուց արդեն ֆիզիկական անձ չեք, Ձեր ցանկացած միտք դիտարկվում է որպես Հայաստանի նոր իշխանության դիրքորոշում: Խոսքը վերաբերում է նրան, որ ասել եք՝ ադրբեջանցի կանայք էլ չեն ուզում երեխա կորցնել:

Աննա Հակոբյան․ - Իմ կարծիքով, ճիշտն ասած, ասելու համար, որ աշխարհում որևէ մայր չի ուզում, որ իր երեխան սպանվի պատերազմի դաշտում, չեմ կարծում, որ ես դա պետք է համապատասխանեցնեմ որևէ գերատեսչության հետ: Կարծում եմ, որ դա էնպիսի ճշմարտություն է, որը անհերքելի է և անքննելի: Չի կարող լինել նման իրավիճակ, երբ մայրը ցանկանա նման բան:

«Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում, առհասարակ, ես հասկացա՝ հատկապես Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո, որ այն մեծ աջակցություն ունի հանրության շրջանում, բայց կա շատ-շատ փոքր շերտ, որը լավ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը և դա նույնացնում է պարտվողականության, թուլության և նման ինչ-որ երևույթների հետ: Կարծում եմ՝ այն, որ հանրության շատ մեծ մաս աջակցում է և ոգևորում է այդ արշավը շարունակել, իրականում չէր կարող․․․ Հայաստանի ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ պարտվող չէ, որ ցանկացած պարագայում, ցանկացած պահի կարող է մեկ բռունցք դառնալ և պաշտպանել իր հողը, իր հայրենիքը, իր իրավունքները, ինչի ապացույցը մենք ընդամենը մի քանի ամիս առաջ տեսանք, ու, այսինքն, այն ժողովուրդը, որը կարող է այդպես մոբիլիզացվել և պաշտպանել իր տունը, իր հողը, այդ ժողովուրդը չի կարող աջակցի որևէ արշավի կամ նախաձեռնության, որը հակառակի մասին լինի:

«Ազատություն»․ - Մյուս հարցը վերաբերում է Ձեր այն հայտարարությանը, որը, կարծես, ոչ այնքան միանշանակ ընդունվեց համացանցում և լրատվամիջոցներում, երբ պաշտոնյաների և օլիգարխների կանանց ասել էիք՝ թանկարժեք զարդերի մի մասը նվիրել Ուրֆանյանի մոր հիմնադրամին:

Աննա Հակոբյան․ - Կոնկրետ այդ հայտարարության վերաբերյալ, այո, տարբեր բաներ հնչեցին, բայց տվյալ պարագայում իմ այդ խոսքը այդ վայրում և այդ մայրերի ներկայությամբ, եթե ամենայն անկեղծությամբ ասեմ, ոչ այնքան նպատակ ուներ այդ հիմնադրամին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, որովհետև ֆինանսական միջոցներ հիմնադրամի համար միշտ էլ կարելի է գտնել, դա չէր դրա նպատակը առաջնային, եթե կարելի է ավելի ընդհանրական ասել՝ ըստ էության, կոռուպցիայի դեմ պայքարն էր: Որովհետև ես համարում եմ, որ երբ որ այդ մայրերի, ովքեր կորցրել են իրենց որդիներին, ովքեր կորցրել են իրենց կյանքում ամենաթանկը, իրենց ներկայությամբ ուղղակի ասում ես, որ կարելի է վերջ տալ ագահությանը, կարելի է վերջ տալ անօրինական ճանապարհով հարստություն դիզելու այդ մրցավազքին, ինչով մեր պաշտոնյաները և նրանց ընտանիքները անարգել զբաղվել են տարիներ շարունակ, դրա իմաստն այն էր՝ ուղղակի հիշեցնել, որ կյանքում լինում են նաև էսպիսի դեպքեր և կան ավելի թանկ բաներ, քան այդ զարդերը: Իրականում իմ այդ կոչի իմաստը տվյալ դեպքում և տվյալ լսարանում և այդ մայրերի ներկայությամբ միայն այդ նպատակն ուներ:

«Ազատություն»․ - Ֆեյսբուքյան օգտատերերից Նոնա Ակոպովնան Ձեզ հարցնում է, որ ուղիղ եթերներից մեկում Ձեր ամուսինը նշել էր, որ ձեր երեխաները ստացել են իրենց տարիքին համապատասխան բոլոր պատվաստումները, կպատվաստե՞ք արդյոք ձեր աղջիկներին մարդու պապիլոմա վարակի դեմ պատվաստանյութով:

Աննա Հակոբյան․ - Այո, կպատվաստեմ, ինչո՞ւ՝ որովհետև, աշխատանքի բերումով լինելով լրատվության մեջ և թերթում աշխատելով, բազմիցս ենք մենք ուսումնասիրել և հոդվածներ հրապարակել Հայաստանի առողջապահության ոլորտի վերաբերյալ և ի ուրախություն ինձ մենք միշտ արձանագրել ենք՝ առողջապահության ոլորտում մասնագետները բարձր կարգի են, և ես, անկեղծ ասած, վստահում եմ նրանց: Բնականաբար, երբ որ թեմայի շուրջ կան այդքան տարբեր կարծիքներ և այդքան զգուշացումներ, չես կարող անմասն մնալ, ինչ-որ մի պահ սկսում ես կասկածել, մտածում ես՝ գուցե ամեն ինչ ճիշտ է, հատկապես, երբ որ խոսքը քո երեխային է վերաբերում, բայց, իրականում, իմ վստահությունը մեր առողջապահության համակարգի նկատմամբ, մեր բժիշկների նկատմամբ բարձր է, և ես մտածում եմ, գտնում եմ՝ եթե իրենք ուսումնասիրել են և դեմ չեն և խորհուրդ են տալիս, ուրեմն՝ ես վստահում եմ և ես իմ երեխաներին, այո, այդ պատվաստումը կանեմ:

«Ազատություն»․ - Վերադառնանք այգուն՝ Բաղրամյան 26-ին: Երբևէ մտածու՞մ էիք, որ այս դռները կբացվեն, ու բացողը Ձեր ամուսինը կլինի:

Աննա Հակոբյան․ - Շատ կարևոր քայլ էր ինձ համար: Իհարկե, ես բազմիցս մտածել եմ դրա մասին՝ և՛ Բաղրամյան 26-ը, և՛ Ազգային ժողովի այգին, և դրա մասին բարձրաձայն արտահայտվել եմ, մտածել եմ, որ ճիշտ կլինի, որ դրանք բաց լինեն, որովհետև, հատկապես Ազգային ժողովի այգին, երբ որ արդեն հնարավորություն ունեի ներսում պտտվելու, մեկ անգամ զբոսնել եմ ամուսնուս հետ, երբ պատգամավոր էր, հիասքանչ այգի է, և մեր երեխաները էս քաղաքի ամբողջ ծխից և վատ արտանետումներից կարող են թոքերը մաքրել այնտեղի եղևնիների մաքուր օդի մեջ, և ես սպասում էի նման օրվան: Ճիշտ էր դա, և հպարտ եմ և ուրախ եմ, որ դա իմ ամուսնու ձեռքով տեղի ունեցավ:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG