Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին հայտնվել է նոր սկանդալի կիզակետում


Վրաստան - Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, Թբիլիսի, 1-ը հոկտեմբերի, 2018թ․
Վրաստան - Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, Թբիլիսի, 1-ը հոկտեմբերի, 2018թ․

Վրաստանում նախագահական ընտրությունների շեմին իշխող կուսակցության թեկնածուն՝ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնվել է նոր սկանդալի կիզակետում. նախօրեին հետաքննող լրագրողները պարզել են, որ վերջինս մեկ միլիոն լարիի՝ մոտ 385 հազար եվրոյի վարկ է վերցրել Cartu Bank-ից, որը պատկանում է «Վրացական երազանք»-ի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին:

Վարկը ձևակերպվել է ամսվա վերջին կայանալիք ընտրություններից շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 1-ին, ընդ որում, թեկնածուի ներկայացրած ֆինանսական փաստաթղթերում չի նշվում՝ քանի տարով և ինչ պայմաններով: Փոխարենը հայտնի է, որ նույն այդ օրը Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել էր «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ և վերստին լայն աջակցություն ստացել նրա կողմից:

«Ի դեմս Սալոմե Զուրաբիշվիլիի մենք շատ արժանի թեկնածու ունենք: Նա ինձ համար մեր նորագույն պատմության խորհրդանիշն է, և ես կրկին կոչ եմ անում մեր համախոհներին անել առավելագույնը՝ նախագահական ընտրություններում նրա հաղթանակին հասնելու համար», - հայտարարել էր Իվանիշվիլին:

Ընդդիմությունը պնդում է՝ գովեստի նման շռայլ խոսքեր ու նույնքան շռայլ ֆինանսական օժանդակություն ստանալուց հետո Զուրաբիշվիլին կորցրել է անկախությունն ու դարձել Իվանիշվիլիի պարտապանը, ով հաղթանակի դեպքում ստիպված է լինելու փոխհատուցել քաղաքական որոշումներով: «Սա խախտում է Ընտրական օրենսգիրքն ու անհավասար պայմաններ ստեղծում մրցակիցների համար», - հայտարարում է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին:

Իվանիշվիլիի բանկը մեկ միլիոն լարիի վարկ է տրամադրել Զուրաբիշվիլիին, այն դեպքում, երբ որևէ այլ թեկնածու նման հնարավորություն չունի: Վրաստանի Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է՝ նախընտրական շրջանում թեկնածուն կարող է քաղաքացիներից առավելագույնը 60 հազար լարիի նվիրատվություն ստանալ, կազմակերպություններից՝ 120 հազար: «Ստացվում է՝ Իվանիշվիլին միլիոն է տալիս, բայց դա թղթի վրա այլ կերպ է ձևակերպվում», - պնդում են ընդդիմախոսները՝ կոչ անելով Աուդիտի պետական ծառայությանը այս հարցով հետաքննություն անցկացնել:

Ի դեպ, պետական այս կառույցը նախօրեին հրապարակել էր թեկնածուների ստացած նվիրատվությունների ցուցակը, ինչն էլ իր հերթին նոր կրքեր էր բորբոքել: Պարզվել էր, որ հոկտեմբերի առաջին երեք օրերի ընթացքում միայն Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ռեկորդային՝ մեկ միլիոն լարիի նվիրատվություն, ինչն ավելին է, քան բոլոր մյուս թեկնածուների ստացածը՝ միասին վերցրած: Ընդ որում, գումարի մեծ մասը փոխանցել էին «Վրացական երազանք»-ին մոտ կանգնած գործարարներ ու քաղաքական գործիչներ՝ կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեից մինչև կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հարազատ եղբայրը:

«Սա իմ սեփական որոշումն է՝ սեփական միջոցներից», - «Ռուսթավի» հեռուստաընկերությանն ասել էր Ալեքսանդր Իվանիշվիլին: - «Ես նման նվիրատվություն եմ արել, քանի որ Սալոմե Զուրաբիշվիլին ազգային ոգու տեր անձնավորություն է, և ուզում եմ, որ նա հաղթի նախագահական ընտրություններում: Իմ եղբոր անձն այստեղ որևէ կապ չունի, ես ինքս եմ որոշումներ կայացնում և ունեմ իմ անձնական միջոցները»:

Իշխող կուսակցությունում պնդում են՝ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում, ընդդիմությունը, սակայն, հակադարձում է՝ վարչական ողջ ռեսուրսը Զուրաբիշվիլիին է ծառայում:

«Սրանով ակնհայտ է դառնում, թե որքան կեղծ էր «Վրացական երազանք»-ը, երբ հայտարարում էր, թե թեկնածու չի առաջադրի և միայն կպաշտպանի լավագույնին, որպեսզի Վրաստանն ունենա իրապես անկախ նախագահ», - հայտարարում է խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Սալոմե Սամադաշվիլին: - «Կախա Կալաձեն, Բիձինա Իվանիշվիլին, նրա եղբայրը... սա մաֆիոզ մի կլան է, հանցավոր մի խումբ, որը որոշել է՝ Զուրաբիշվիլին պետք է ամեն գնով դառնա Վրաստանի նախագահ, անգամ եթե վրացիների 80 տոկոսը նրա թեկնածությունը չի պաշտպանում»:

Զուրաբիշվիլիին շռայլ նվիրատվություններ փոխանցողների շարքում, ի դեպ, քաղաքական գործիչներից ու գործարարներից բացի նաև տասնյակ բժիշկներ ու հիվանդանոցների տնօրեններ կան: Սա ևս կասկածների տեղիք է տվել, հատկապես, երբ նրանցից մեկը՝ Ճաճավայի կլինիկայի գինեկոլոգիական բաժնի վարիչ Նիկոլայ Կինտրայան, ըստ վրացական լրատվամիջոցների, ֆեյսբուքյան իր էջում հրապարակավ գրել է՝ Զուրաբիշվիլիի օգտին չի քվեարկելու:

«Շատերն են ինձ հարցնում՝ գնալո՞ւ եմ ընտրությունների, պատասխանում եմ՝ այո, քվեարկելո՞ւ եմ Զուրաբիշվիլիի օգտին, ասում եմ՝ ոչ», - գրել է բժիշկը, ով ըստ պաշտոնական փաստաթղթերի սրանից ընդամենը մի քանի օր առաջ 20 հազար լարի է փոխանցել Զուրաբիշվիլիի նախընտրական հաշվեհամարին: Գրառումից մի քանի ժամ անց, ըստ լրատվամիջոցների, հեղինակն այն ջնջել է՝ բազմապատկելով ընդդիմության կասկածները:

Ի դեպ, Զուրաբիշվիլիի նախընտրական հաշվեհամարին մինչ օրս առավելագույն՝ 60 հազար լարի փոխանցած տասը քաղաքացիներից առնվազն երկուսը ազգությամբ հայ են՝ Սերգո Գալուստյան և Վլադիմիր Ստեփանյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG