Մատչելիության հղումներ

Բաքուն է՛լ ավելի է կոշտացնում վերահսկողությունը մամուլի և համացանցի նկատմամբ


Ադրբեջանում Ֆեյսբուքի նկատմամբ սահմանափակումները պատկերող ծաղրանկար, արխիվ
Ադրբեջանում Ֆեյսբուքի նկատմամբ սահմանափակումները պատկերող ծաղրանկար, արխիվ

Ադրբեջանում տպագիր մամուլում և սոցիալական ցանցերում հայհոյողներին ազատազրկում է սպառնում: Նախօրեին համապատասխան առաջարկը, որի շուրջ ավելի վաղ քննարկումներ էին տեղի ունեցել, ներկայացվել է Միլի մեջլիս:

Պատգամավորները մասնավորապես ցանկանում են պատիժ սահմանել մինչև մեկ տարվա ազատազրկում՝ զրպարտելու, վիրավորելու, ինչպես նաև կեղծ անուններով, լուսանկարներով օգտատերերի կողմից զրպարտելու կամ վիրավորելու համար: Առանձին պատժի տեսակներ են սահմանվել՝ դրամական տուգանք, հարկադիր աշխատանք, ազատազրկում՝ համացանցում և լրատվամիջոցներում կեղծ վկայությունների, անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

«Մեյդան TV»-ն հայտնում է, որ խորհրդարանում ցանկանում են նաև «Սոցիալական ցանցի կարգավիճակը կարգավորելու մասին» օրենք ընդունել, որը կարող է գրաքննող գործիք դառնալ իշխանությունների ձեռքում՝ մասնավորապես, արգելափակելու անցանկալի ինֆորմացիայի տարածումը:

Ադրբեջանում համացանցը վերահսկելու ուղղությամբ իշխանությունները արդեն իսկ որոշ կոշտ քայլեր արել են՝ ընդունելով սոցիալական ցանցերի և բլոգերների գործունեությունը վերահսկող օրենսդրությունը, որն, ինչպես պնդում են Բաքվի գործընկեր եվրոպական կառույցները, խախտում է 2001 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելու նախաշեմին Ադրբեջանի վավերացրած Կամարտահայտման ազատության մասին կոնվենցիան: Այդ օրենքի օգնությամբ Իլհամ Ալիևի վարչակազմը երկրում արգելափակել է կառավարությանը չենթարկվող մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, Բեռլինում տեղակայված «Մեյդան TV»-ն:

Ադրբեջանի Միլի մեջլիսն ընդունել է նաև մեկ այլ աղմկահարույց օրինագիծ, որի համաձայն՝ սոցիալական ցանցերում երկրի նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում է դրամական խոշոր տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարվա ազատազրկում:

«Թուրան» գործակալությունը նշում է, որ Ալիևի վարչակազմն այժմ էլ փորձում է ոչ միայն հայտնաբերել սոցիալական ցանցերում իշխանություններին հայհոյողներին, այլ նաև պատժել նրանց, եթե նույնիսկ նրանք գտնվում են Ադրբեջանից դուրս՝ առնվազն արգելափակել նրանց մուտքը ադրբեջանական համացանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG