Ռուսաստանցի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինի և Պավել Մամաևի նկատմամբ կարող է հարուցվել միանգամից երկու քրեական գործ գինովցած վիճակում խուլիգանական արարքներ անելու և երկու տարբեր միջադեպերի ընթացքում մարդկանց ծեծի ենթարկելու ու մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Ֆուտբոլիստները երեկ Մոսկվայում նախ հարձակվել են Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի հաղորդավար Օգա Ուշակովայի վարորդի վրա, ով քթի կոտրվածքով և գանգուղեղային վնասվածքով փոխադրվել է հիվանդանոց:
Դրանից հետո մարզիկները և նրանց ընկերները «Պեկին» ռեստորանի մոտ հարձակվել են Ռուսաստանի առևտրի նախարարության բաժանմունքներից մեկի ղեկավար Դենիս Պակի վրա, վնասել են նրա ավտոմեքենան, ապա ծեծի են ենթարկել պաշտոնյային:
Ըստ ականատեսների և տուժողների, հարձակումների ընթացքում գինովցած ֆուտբոլիստները տուժողներին վիրավորել են՝ շեշտը դնելով նրանց ազգային պատկանելության վրա:
Տուժողները պահանջում են գործը վերաորակավորել և 2 տարի առավելագույն պատիժ ենթադրող «ծեծկռտուքի» փոխարեն ֆուտբոլիստներին պատասխանատվության ենթարկել ռասայական ատելության հողի վրա հարձակում կատարելու հոդվածով, որն ավելի խիստ պատիժ է նախատեսում:
Կոկորինը և Մամաևը հանդես են եկել Ռուսաստանի հավաքականի կազմում:
2016 թվականին նրանք երկուսով հայտնվել են սկանդալային պատմության մեջ: Այդ տարի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի ազգային հավաքականի չափազանց անհաջող ելույթից և մրցաշարից դուրս մնալուց հետո նրանք երկուսով մեկնել են Մոնտե Կարլո:
Համացանցում տարածվել է տեսագրություն, որում նրանք գիշերային ակումբներից մեկում Ռուսաստանի օրհներգի հնչյունների ներքո հավաքվածների գավաթները լցնում են շամպայն, որի մեկ շիշն արժե 500 եվրո:
Տեսագրության տարածումից հետո երկու մարզիկները հրապարակավ ներողություն են խնդրել ռուսաստանցիներից այդ ոչ պատշաճ պահվածքի համար:
Ներկայումս Կոկորինը խաղում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ում, իսկ Մամաևը՝ Կրասնոդարի նույնանուն ակումբում, որն այսօր արդեն հայտարարել է ֆուտբոլիստին մարզումներից հեռացնելու և նրա հետ պայմանագիրը խզելու մտադրության մասին:
«Զենիթ»-ը նույնպես կքննարկի կարգազանց մարզիկի հետ պայմանագիրը խզելու հնարավորությունը:
Ռուսաստանի ֆուտբոլի միությունը խստորեն դատապարտել է Կոկորինի և Մամաևի պահվածքը:
«Այդօրինակ ամոթալի միջադեպերը ստվեր են գցում մեր ամբողջ ֆուտբոլի վրա», - ասել է ՌԴ սպորտի նախարար Պավել Կոլոբկովը: