Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ակտիվիստներ են կալանավորվել փողոցում Պուտինի ծննդյան օրը «Մաղթում ենք երկար տարիների կալանք» գրությամբ պաստառ տեղադրելու համար


Բողոքի ակցիա Սանկտ Պետերբուրգ պուտինի ծննդյան օրը, 7-ը հոկտեմբերի, 2018թ.
Բողոքի ակցիա Սանկտ Պետերբուրգ պուտինի ծննդյան օրը, 7-ը հոկտեմբերի, 2018թ.

Սանկտ Պետերբուրգի Դերժինսկի շրջանային դատարանը կալանավորել է երեք ընդդիմադիր ակտիվիստների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան կապակցությամբ փողոցում հսկայական պաստառ կանգնեցնելու համար, որի վրա գրված էր՝ «Մաղթում ենք երկար տարիների կալանք»։

Անդրեյ Գրաֆը կալանավորվել է 15 օրով, Վլադ Իվանչոն և Իվան Ռուբցովը՝ 10 օրով: Չորրորդ ձերբակալվածը՝ Սվետլանա Ուտկինան դեռևս ոստիկանական բաժանմունքում է, նրա վարչական կալանքի հարցը դեռևս չի հստակեցվել:

Ռուսաստանյան «Մեդիազոնա» անկախ լրատվական կայքի տվյալներով՝ ձերբակալվածներից առնվազն մեկը՝ Անդրեյ Գրաֆը, որևէ առնչություն չունի ակցիայի հետ, նա այդ պահին պարզապես անցնելից է եղել պաստառի կողքով, սակայն դատարանը հրաժարվել է ուսումնասիրել այդ մասին փաստող տեսանյութը:

Կիրակի օրը մի խումբ ակտիվիստներ էլ ձերբակալվել են մայրաքաղաք Մոսկվայում: Նրանք նախագահի նստավայր էին բերել Ռուսաստանի քարտեզը, որի վրա նշել էին երկրի «ձեռքբերումները» Պուտինի պաշտոնավարման օրոք։

Ակտիվիստները, մասնավորապես, առանձնացրել են ինքնասպանությունների թիվը, որն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում, ծայրահեղ աղքատների թիվը՝ 20 միլիոն, և 77 տոկոս շրջանավարտներ, ովքեր ցանկանում են գնալ Ռուսաստանից:

Պուտինն իր 66-ամյակը տոնում է երկրում ստեղծված բավական անսովոր մթնոլորտում, երբ ավանդաբար իր օգտին քվեարկող ռուսաստանցիները սկսել են չաջակցել և չվստահել նախագահին:

«Լևադա» կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն, այսօր Վլադիմիր Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 58 տոկոսը, անցյալ տարվա համեմատ այդ թիվը նվազել է 17 տոկոսով, 41 տոկոսը համարում է, որ Պուտինի ղեկավարությամբ երկիրը սխալ ճանապարհով է գնում։

Փորձագետներն ընդգծում են, որ Պուտինի վարկանիշի կտրուկ անկումը պայմանավորված է կենսաթոշակային բարեփոխումներով։

Ըստ այդ աղմկահարույց օրենքի, որը երկրով մեկ բողոքի զանգվածային ակցիաների պատճառ է դարձել, կենսաթոշակային տարիքի շեմը տղամարդկանց դեպքում կբարձրացվի մինչև 65, իսկ կանանց՝ մինչև 60 տարեկան:

Պուտինը, սակայն, ժամանակին նաև նախանձելի ծննդյան նվերներ է ստացել. օրինակ՝ 2010 թվականին մի խումբ երիտասարդ ուսանողուհիներ այդ առիթով էրոտիկ օրացույց էին թողարկել, 2011 թվականին՝ նրա 59-ամյակի կապակցությամբ ռուսաստանցի մի խումբ կանայք ներքնազգեստով տեսախցիկների առաջ տորթ էին թխում, իսկ մյուսներն էլ անցորդներին հյուրասիրում նախագահի սիրելի ուտեստները:

Իր 60-ամյա հոբելյանը Պուտինը տոնել է Կրեմլում՝ երրորդ անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում: 2012 թվականի հոկտեմբերի 6-ին Մոսկվայի կենտրոնում նրա պատվին ոտանավորներ էին հնչում, իսկ սիբիրյան Չելյաբինսկում հսկայական բացիկ էին տեղադրել, որպեսզի քաղաքացիներն անձամբ կարողանան շնորհավորել իրենց առաջնորդին:

Ռուսաստանցիները չեն մոռանում հատկապես Պուտինի 63-ամյակի նվերը՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հռչակավոր հսկայական սավանը, որի վրա պատկերված էին վաղեմի բարեկամների, մտերիմ ու անբաժան ընկերների՝ Բեռլուսկոնիի և Պուտինի պատկերները:

XS
SM
MD
LG