Մատչելիության հղումներ

Երկրպագուները որոշակի հույսեր են կապում ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի հետ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն արդեն զբաղեցնում է մինչև 21 տարեկանների հավաքականը մարզած Արմեն Գյուլբուդաղյանցը։

Ֆուտբոլային մեկնաբան Գևորգ Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում նշելով, թե հայկական ֆուտբոլային հանրութունը սպասում էր օտարերկրյա մարզչի, նկատեց, որ հայկական ֆոտբոլին, թեև նոր, թարմ դեմքեր էին անհրաժեշտ, սակայն սա էլ հնարավոր տարբերակներից գուցե առավել օպտիմալ ընտրությունն է եղել։

Մինչև այս նշանակումը ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չէր բացառել արտասահմանից մարզիչ հրավիրելու տարբերակը:

«Շատ լուրջ մասնագետների անուններ էր շոշափվում, որտեղ նաև շոշափվում են շատ մեծ գումարներ։ Այսինքն՝ այդ մասնագետները համապատասխան միջազգային ստանդարտի պայմանագրեր էր ցանկանում, միջազգային ստանդարտի գումարների մասին է խոսքը, և հնարավոր է որոշ մարդկանց դեպքում այդ գումարներն են սարսափելի բարձր եղել հայկական ֆուտբոլային իրականության համար։ Իսկ որոշներն էլ, որքանով որ ես գիտեմ, պարզապես վախեցել են ընկնել այդ պատասխանատվության տակ։ Քանի որ հասկանում եք, բարձրաստիճան ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները պահանջել են հստակ արդյունք Ազգերի լիգայում, իսկ տվյալ անձինք կարճաժամկետ պլանում նման պատասխանատվություն չեն կարող ստանձնել»։

Ֆուտբոլային մեկնաբանն ասաց, որ Արմեն Գյուլբուդաղյանցը բավականին փորձառու է։ Գոնե հայ մասնագետների մեջ նա լավագույններից է․ - «Նրա անվան հետ է կապված նույն Հենրիխ Մխիթարյանի և Գևորգ Ղազարյանի, Կարլեն Մկրտչյանի, Վարազդատ Հարոյանի հաջողությունները: Կարելի է ասել, որ նրանք հենց Գյուլբուդաղյանցի սաներն են»։

Արդյո՞ք այս նոր մարզչի օրոք բարձր արդյունքներ կգրանցվեն, միանշանակ պատասխան չկա։ Մեկնաբանն ասում է, որ բոլորի հույսն այն է, որ հավաքականն ավելի «սթափ» ֆուտբոլ կցուցադրի․ - «Եթե որևէ մեկը գա, որ հոգեբանական, ինչ-որ վերմարդկային ուժերի գնով, կամ չարքաշ աշխատանքի գնով կարողանա այս հավաքանից թրծել ինչ-որ հաջողություն, ապա դա նրան կհաջողվի»:

«Երկրպագուների առաջին ճակատ»-ի անդամները ևս նշում են, որ ցանկալի էր օտարերկրյա փորձառու մարզչի նշանակումը, բայց Արմեն Գյուլբուդաղյանից էլ դժգոհ չեն․ - «Աշխատի, կտեսնենք։ Սխալվելու տարբերակ ուղղակի չունենք: Մակեդոնիայի հետ կարևոր խաղ ունենք, որը պետք է 2:0 կամ 3:0 հաղթենք: Ուրիշ տարբերակ չկա: Եթե պատասխանատվություն ա վերցրել, որ էդ խաղը ինքը 2:0 հաղթելու ա, ապա հալալ ա իրան»:

Երկրպագուների ՖԱՖ ակումբի անդամները, որոնք տարիներ շարունակ պայքարում էին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, 16 տարի ֆեդերացիան ղեկավարած Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի համար, ասում են, որ վերջին փոփոխություններից հետո հայկական ֆուտբոլը բարձր արդյունքներ գրանցելու շանսեր ունի։

Հայաստանի հավաքականն առանց մարզչի էր մնացել սեպտեմբերի 21-ին: Այդ օրն իր հրաժարականի մասին տեղեկացրեց ազգային ընտրանին մարզած Վարդան Մինասյանը։

Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG