Մատչելիության հղումներ

Իրավիճակը Ինգուշեթիայում չի հանդարտվում


Ինգուշեթիա - Բողոքի ցույցը Մագասում, 7-ը հոկտեմբերի, 2018թ․
Ինգուշեթիա - Բողոքի ցույցը Մագասում, 7-ը հոկտեմբերի, 2018թ․

Իրավիճակը Ինգուշեթիայում չի հանդարտվում: Երեկ նույնիսկ տեղեկություն տարածվեց, թե Ինգուշեթիայի խորհրդարանը չեղարկել է Չեչնիայի հետ տարածքների փոխանակման մասին օրենքը, սակայն ավելի ուշ դա հերքվեց:

Կիրակի օրը Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում, որտեղ արդեն մի քանի օր է՝ շարունակվում է բողոքի հանրահավաքը, ելույթ է ունեցել Ռուսաստանի հյուսիսկովկասյան այդ հանրապետության նախկին նախագահ Ռուսլան Աուշևը, ով հայտարարել է․ - «Հանրապետության ղեկավարությունը սխալվել է: Այս լարված իրավիճակի համար մեղավոր են հենց հանրապետության իշխանությունները, որ չեն համաձայնեցրել նման կարևոր հարցը ժողովրդի հետ»:

«Չեչնիան մեղավոր չէ, քանի որ ամեն ինչ համաձայնեցրել է մեր իշխանությունների հետ: Մեղավորը մեր իշխանություններն են, որ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու, առանց ժողովրդի համաձայնությունը ստանալու մեր հողերը հանձնել են Չեչնիային», - ասել է Աուշևը՝ անընդհատ ընդգծելով, որ չեչեններն ու ինգուշները եղբայրական վայնախ ժողովուրդներ են:

Մագասում բողոքի բազմահազարանոց հավաքն ընթանում է արդեն չորս օր անընդհատ, մարդիկ նույնիսկ գիշերում են հրապարակում: Նրանք պահանջում են չեղարկել Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանները վերանայելու մասին նոր օրենքը և հարցը դնել հանրաքվեի:

Հավաքվածների մի մասը նաև պահանջում են Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովի հրաժարականը, մի մասն էլ հայտարարում են, թե իրենք միայն մեկ պահանջ ունեն՝ չեղարկել հողերը Չեչնիային հանձնելու մասին օրենքը:

Մագասում նորմալ չի աշխատում բջջային կապը, հավաքի վայրում չեն աշխատում սրճարաններն ու խանութները:

Տարածքները փոխանակելու մասին համաձայնագիրը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ու Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովը ստորագրել են սեպտեմբերի 26-ին, հոկտեմբերի 4-ին այն վավերացրել է Ինգուշեթիայի խորհրդարանը, և սկսվել են բազմահազարանոց հավաքները: Պատգամավորների մի մասը նույնիսկ հայտարարել են, թե իրենց ձայները կեղծել են:

Ե՛վ Ինգուշեթիայի, և՛ Չեչնիայի ղեկավարները համարվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ թիմակիցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG