Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը նոյեմբերին կլքի կառավարական առանձնատունը


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ ամիս կազատի կառավարական ամառանոցում գտնվող առանձնատունը, որտեղ արդեն ավելի քան տասը տարի բնակվում է, այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, հավելելով, որ Սարգսյանը հրաժարվել է նաև կառավարության առաջարկած վերջին՝ թվով տասներորդ առանձնատնից։

Երրորդ նախագահին առաջարկված վերջին առանձնատունը Ավան վարչական շրջանում է, շուկայական գինը՝ 1 միլիոն 250 հազար դոլար։ Ըստ Աղաջանյանի, կառավարությունն արդեն պայմանավորվել էր վաճառողի հետ և պատրաստ էր առանձնատունը գնել ու Սարգսյանին տրամադրել 950 հազար դոլարով։

«Այդ առաջարկը ևս մերժվել է՝ չնայած բանավոր, և ըստ էության հաշվի առնելով, որ դա վերջին առաջարկն է եղել, մենք այլ տարբերակ էլ չենք առաջարկելու», ֊ նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը: ֊ «Սովորաբար իրենց հիմնավորումները անվտանգության հետ են կապված լինում: Այս դեպքում, մասնավորապես, ինչ֊որ տան վրայով անցնող լարի մասին էր խոսքը՝ էլեկտրական գծի, որը, ըստ իրենց անվտանգության խնդիրներ էր առաջացնում»:

Թե որտեղ կբնակվի երրորդ նախագահը կառավարական ամառանոցի առանձնատունը հանձնելուց հետո, Էդուարդ Աղաջանյանը տեղեկություն չունի։ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։

Aysor.am-ին տված հարցազրույցում երեկ նա հայտնել է, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար չի գտել ընդունել կառավարության կողմից առաջարկված կեցավայրի տարբերակը` մի շարք դրդապատճառներից ելնելով: Պետրոսյանը նաև տեղեկացրել է, թե վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ պայմանավորվածություն է եղել որ Սարգսյանի կեցավայրն ըստ էության պետք համարժեք լիներ առաջին և երկրորդ նախագահների համար հատկացված առանձնատներին։

Պարսպապատ, շքեղ կահավորմամբ սպիտակ երկհարկանի առանձնատունը, որի լուսանկարները առկա են նաև համացանցում, միանշանակ համապատասխանում էր Սերժ Սարգսյանի առաջ քաշած պահանջին, պնդում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը․ ֊ «Ես կուզեմ նաև հիշեցնել, որ օրենքը պետությանը չի պարտավորեցնում առանձնատուն ձեռք բերել պաշտոնաթող նախագահներին: Այնտեղ հստակ նշված է, որ բնակարան պետք է տրամադրվի, բայց ինչպես նախկինում մենք ասել ենք, որ հաշվի առնելով, որ ավանդույթ է ձևավորվել առանձնատներ տրամադրել պաշտոնաթող նախագահներին, մեր գնահատմամբ, այո, համապատասխանում էր այս առաջարկը նախորդ երկու նախագահներին տրամադրված տներին»:

Սերժ Սարգսյանի առանձնատան թեման մեծ աղմուկ բարձրացրեց այս տարվա գարնանը․ հեղափոխությունից առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը որոշում էր կայացրել Կոնդի կառավարական առանձնատունը սեփականության իրավունքով փոխանցել Սերժ Սարգսյանին։ Խորհրդարանի կողմից ապրիլի 17-ին վարչապետ ընտրվելուց երկու օր անց, երբ փողոցում բողոքի ակցիաներ էին ընթանում, Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց, թե հրաժարվում է իրեն տրամադրված կառավարական առանձնատան սեփականության իրավունքից, ասելով, թե դրա ժամանակը չէ։ Արդեն հեղափոխությունից հետո վարչապետի պաշտոնում ընտրված Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք բնակարանի խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG