Մատչելիության հղումներ

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Հարբերտ Մայերի ցուցահանդեսը


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է գերմանացի ժամանակակից գեղանկարիչ Հերբերտ Մայերի անհատական ցուցահանդեսը «Ով ենք մենք» խորագրի ներքո: Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի ջրաներկ 500 աշխատանքները:

Առաջին իսկ հայացքից ցուցահանդեսի այցելուները կարող են այն տպավորությունը ստանալ, որ այս աշխատանքները վաղուց տեսել են, քանի որ հեղինակը մի ողջ պատկերաշար է ստեղծել, որում ամփոփված են վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Մշակութային երկխոսություն» կազմակերպությունը «Գյոթեի» կենտրոնի հետ համատեղ: Այս արտասովոր ցուցահանդեսը ներկայացվել է բազմաթիվ եվրոպական երկրներում՝ արժանանալով մեծ արձագանքի:

Հերբերտ Մայերը շատ է ճամփորդել ողջ աշխարհում և հավաքել ու մի ընդհանրական հավաքածուի մեջ է ամփոփել մարդկության մշակութային ընթացքն ու զարգացումը խորհրդանշող արվեստի գործեր՝ այսպիսով ստեղծելով, իր իսկ խոսքով, այս «Տեսողական գրադարան» նախագիծը: Նա իր ստեղծագործության կերպարները վերցրել է ոչ միայն համաշխարհային լավագույն գեղանկարիչների գործերից, արվեստի պատկերագրքերից, այլև ինքն է իր կերպարները ստեղծել՝ այսպիսով շաղկապել ժամանակակիցն ու դասականը, հինը և նորը:

«Արվեստաբանների աշխատանքն է ներկայացնել արվեստագետների աշխատանքը և մեկնաբանել արվեստագետների աշխատանքը: Եթե կարճ ներկայացնելու լինեմ դրանք, երբ դուք ներս եք մտնում ցուցասրահ, դուք այսպես ասած ճամփորդություն եք իրականացնում մարդկության պատմության տարբեր դարափուլերի, տարբեր շրջանների մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հալբերտ Մայերը՝ ցուցահանդեսի բացմանը:

Հեղինակի խոսքով ինքն իր ճամփորդությունների ընթացքում հավաքագրել է յուրաքանչյուր ժողովրդի կամ ազգի քաղաքակրթական որոշակի յուրահատկությունները ներկայացնող արվեստի գործեր և համադրելով դրանք՝ ցույց տվել առհասարակ մարդկության քաղաքակրթական ուղին:

«Մեզ համար ճանաչելի է այն պատմությունը մարդկության, որ 40 հազար տարվա հնություն ունի, բայց դա չի նշանակում, որ դրանից առաջ չի եղել քաղաքակրթություն: Պարզապես չեն հասել կամ մեզ հասանելի չեն դեռևս այն մշակութային տարրերը, որոնք գոյություն են ունեցել 40,000 տարի սրանից առաջ», - ասաց նկարիչը:

Հարցին, թե արդյոք հայկական արվեստն ու մշակույթը ներկայացնող գործեր կան իր պատկերաշարում՝ Մայերը պատասխանեց․ - «Դա ապագայի հարց է: Ես Հայաստանում եմ և թերևս կծնվեն մտքեր և կունենամ ներշնչանք՝ հարստացնելու այս շարքը նաև հայկական բաղադրիչով: Ես մի փոքր խորամուխ եմ եղել բյուզանդական մշակույթի մեջ, մի փոքր կարող եմ պատկերացում կազմել նաև տարածաշրջանում մշակութային փոխազդեցությունների մասին: Ինչ-որ բաղադրիչներ տարածաշրջանային մշակույթի կարող եք գտնել այս ցուցադրաշարում, բայց Հայաստանին կանդրադառնամ հետագայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG