Մատչելիության հղումներ

Փաշինյանի հետ հանդիպումը հուսադրել է արծվաշենցիներին


26 տարի շարունակ երկրի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատասենյակներով անցած արծվաշենցիներին օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ընդունել: Վարչապետը հանձնարարել էր 20 օրում տեղեկատվություն տրամադրել նրանց հատկացված ֆինանսական աջակցության մասին:

Նախորդ ամիս նրանք կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին իրականացրել: «Արծվաշեն և որդիներ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրա Ղուլյանն «Ազատությանը» պատմեց, որ 26 տարի առաջ ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանվածները կառավարությունից իրենց կորուստների փոխհատուցում են պահանջել: Ասաց, որ սպասողական վիճակից, կառավարության առջև հավաքված արծվաշենցիների համբերությունը հատել էր, բայց բորբոքված կրքերը մարել են, երբ վարչապետ Փաշինյանն անձամբ է դուրս եկել ու հանդիպման օր նշանակել:

Ղուլյանն ընդգծեց, որ թեև այս տարիների ընթացքում շատ պաշտոնյաների են հանդիպել, բայց առաջին անգամ է երկրի առաջին դեմքն իրենց ընդունել:

Մեկ գիշերվա մեջ իրենց տները թողած ու բռնի տեղահանված արծվաշենցիները բնակություն են հաստատել հիմնականում սահմանամերձ Ճամբարակ քաղաքի մոլոկանների լքված տներում:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, արծվաշենցիները նշել են, որ 1992-ից ի վեր գույքային փոխհատուցման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետության կողմից իրենց 3 անգամ տրամադրվել է փոխհատուցում՝ 2 անգամ 50-ական մլն և 1 անգամ 708 մլն դրամի չափով:

Յուրա Ղուլյանի խոսքով, չնայած դրան, բնակիչները դեռ լուրջ աջակցության կարիք ունեն: Ասում է՝ այդ տներում այլևս ապրելն անհնար է․ - «Գյուղի բնակչությունը՝ թվով մոտ 2 հազար 700 հոգի, տեղահանվեց, մի շապիկով դուրս եկավ: Սկզբում փողոցներում էին մեծամասամբ․․․ քանի որ ռուսաբնակ էր Ճամբարակը, մոլոկանները գնացել էին, մերոնք նրանց տներում տեղավորվել էին: Էսքան տարիների ընթացքում արծվաշենցիների հիմնական պահանջը եղել է՝ բնակարանային պայմանները բարելավել, գումար հատկացնել, որպեսզի 150-200 տարվա տները կարողանան ինչ-որ ձևով մարդավայել պայմաններ ստեղծել»:

Նրա փոխանցմամբ, ընդհանուր առմամբ կառավարության տարբեր որոշումներով նախատեսվել է յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 1-ական մլն դրամ, որի մի մասն արդեն իսկ տրամադրվել է: Իսկ այժմ արծվաշենցիների մեծ մասը բարձրացնում է պետական ֆինանսական աջակցության հետագա չափաքանակի տրամադրման հարցը և պատրաստ է կառավարության հետ քննարկել անելիքներն այս ուղղությամբ:

Ղուլյանն ասաց, որ սա նաև վարչեպտին են ներկայացրել: Հիշեց՝ նաև այս պահանջով նախորդ տարի Բաղրամյան 26-ի առջև նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջել, բայց ապարդյուն:

Հույս ունեն, որ Փաշինյանի հետ իրենց հանիդպումն անպտուղ ավարտ չի ունենա:

Կառավարության կայքէջից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կուսումնասիրի տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծման ուղիները: Վարչապետը նաև հորդորել է արծվաշենցիներին հստակ ձևակերպել ակնկալիքները կառավարությունից և ներկայացնել միասնական տեսակետ փոխհատուցման ծավալի և ժամանակացույցի վերաբերյալ:

Իսկ պատասխանատուներին վարչապետը հանձնարարել է 20-օրյա ժամկետում իրեն ներկայացնել, թե 1992-ից ի վեր պետության կողմից արծվաշենցիներին երբ ու որքան գումար է հատկացվել, որքան է ծախսվել և ում է տրվել՝ թե′ անվանական, թե′ ընդհանուր կտրվածքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG