Մատչելիության հղումներ

Արդեն 30 տարի տնակներում ապրող վանաձորցիներն իշխանություններից լուծում են պահանջում


Արդեն 30 տարի տնակներում ապրող մի խումբ վանաձորցիներ այսօր հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց. քաղաքի իշխանություններից պահանջում էին լուծել իրենց բնակարանների խնդիրը։

Արդեն երկրորդ սերունդն է մեծանում քայքայված տնակներում, որոնք, ըստ բնակիչների, այլևս անտանելի են դարձել։

«Էս քաղաքում, էս մարզում և նույնիսկ Հայաստանում մեր տնակային ավանի պես տարածք գոյություն չունի։ Էս իմ երրորդ զինվորն է ապագա, իրա տարիքից դոմիկում եմ ապրել, հիմա էլ ինքն է ապրում։ Արդյոք ես, իմ եղբայրը, իմ բալեքը ու էս ժողովուրդը չեն վաստակել մարդուն վայել ապրել։ Էս երեխեքը նույնիսկ ամաչում են գնալ դպրոց, որովհետև դպրոցում գիտեն, որ նրանք տնակում են ապրում», - ասաց ցուցարարներից մեկը։

Ամռանը Վանաձորի քաղաքապետարանում ձևավորվել էր տնակների հիմնահարցերով զբաղվող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել էին նաև այսօր բողոքի դուրս եկած բնակիչներից մի քանիսը։ Նրանք հավաստիացնում են, թե հանձնաժողովի աշխատանքի ընթացքում պարզել են, որ կան համայնքին պատկանող 700-ից ավելի բնակարաններ, որոնց թիվը, քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն, վերջին 4 ամսվա ընթացքում 87-ով պակասել է։ Բնակիչները կասկածներ ունեն, որ հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո քաղաքապետարանը արհեստականորեն նվազեցրել է նախկինում արված կեղծիքները կոծկելու համար։

«Այնքան համայնքապատկան բնակարաններ կան, որ մենք ուզում ենք տեսնել, թե ինչ են անում, օր-օրի էդ բնակարանների թիվը պակասում է», - ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Վաղ առավոտից քաղաքապետարանի դիմաց հավաքված վանաձորցիներին աշխատանքի գնալիս հանդիպեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Դուք չգիտեք, որ 250 դոմիկի հարց կա, լավ 100 և հիմա էդ պրոցեսի մեջ ենք։ Եկեք հատիկ-հատիկ նայեք, հենց մի հատ ազատ լինի, դուք մտեք։ Մարդիկ կան, որոնք տասնյակ տարիներ էդ բնակարանները մաքրում են ու մինչև հիմա էդ բնակարանները համայնքապետարանի սեփականությունն են համարվում՝ վարձակալները դեռևս չեն սեփականաշնորհել։ Ըստ ձեզ, 712 հատ Վանաձորում կարա ազատ բնակվելու բնակարան լինի ու գոնե մի դոմիկավորի բնակարան չտրվի՞, կամ 20 դոմիկավորի, որ ձեր բողոքն էլ չլինի, ո՞նց կարելի է տենց բան անել», - ասաց Ասլանյանը։

Վթարային շենքից հարկադրված տնակ տեղափոխված վանաձորցի Հովհաննես Գրիգորյանը վստահ է, որ կան համայնքապատկան բնակարաններ, որոնք քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներն են տնօրինում։ Նա պնդեց՝ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք տարիներ շարունակ իրենից կաշառք են պահանջել՝ բնակարանային ծրագրերում ընդգրկելու համար։ Գրիգորյանն ասաց, որ մերժել է և 30 տարի ընտանիքի հետ մնացել տնակում։ Նա չբացառեց, որ առաջիկայում կոնկրետ փաստերով կդիմի ոստիկանություն։

«Կարամ ասեմ՝ Քաջիկն ա, Արայիկն ա, սաղին կանչեք, թող էդ հարցերը լուծեն։ Գումար էին ուզում, որ ինձ տուն տային, չունեի, որ տայի, ինչով տայի։ Ամենքի մոտ 15 հատ բլանկ կա, թող էդ բնակարանները տան էս ժողովրդին։ Բա էդ ջեբիդ բլանկներն ինչ ես անում», - «ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննես Գրիգորյանը։

Նշենք, որ քաղաքապետարանի ներկայացուցիչներից, քաղաքացիական հասարակության անդամներից ու տնակների բնակիչներից կազմված հանձնաժողովը երկու ամիս տնակ առ տնակ ուսումնասիրել է, հանդիպել բնակիչների հետ և պարզել, որ ավելի քան 100 ընտանիք հաշվառված է կա՛մ անբնակ, կա՛մ անգամ իրականում գոյություն չունեցող տնակում։ Այսօր քաղաքապետը հանձնաժողովի անդամ բնակիչներին խոստացավ առաջիկա օրերին տրամադրել նաև համայնքապատկան բնակարանների ցանկն ըստ հասցեների, որը ևս կարող է ուսումնասիրության առարկա դառնալ խմբի կողմից։

«Ես անձամբ կգամ տնակային ավան, էդ ցուցակները կտամ ձեզ», - ասաց Մամիկոն Ասլանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG