Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է հպարտանալ, որ Ֆրանսիային տվեց իր մեծագույն դեսպաններից մեկին. Ժոնաթան Լաքոթ


Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանն այսօր մեծ էկրանին հետևում էին նաև Երևանում՝ Շառլ Ազնավուրի ավան հրապարակում հավաքված բազմաթիվ քաղաքացիներ։

Ազնավուրի հրապարակում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն, ով իր խոսքում ընդգծեց՝ Հայաստանը կարող է հպարտանալ, որ Ֆրանսիային տվեց իր մեծագույն դեսպաններից մեկին։

«Նա մեծ հպարտություն էր Հայաստանի, հայերի համար: Մարդ, ով ամենադժվար պահերին կանգնել է Հայաստանի կողքին։ Հայաստանը կարող է հպարտանալ, որ Ֆրանսիային տվեց իր մեծագույն դեսպաններից մեկին, մեծագույն ներկայացուցիչներից մեկին: Ազնավուրի մահից հետո Ֆրանսիան և Հայաստանը հիրավի համատեղ սգում են այս մեծ արտիստի կորուստը, ով ինքն իրեն համարում էր 100 տոկոսանոց հայ և 100 տոկոսանոց ֆրանսիացի», - ասաց Լաքոթը։

Քաղաքացիներն այսօր շարունակում էին ծաղիկներ խոնարհել, մոմեր վառել Ազնավուրի հրապարակում։ Հոգեհանգստի արարողությունը մեծ էկրանից հետևող քաղաքացիները չէին թաքցնում իրենց հուզմունքը։

«Մեծ հպարտությամբ, մեծ երջանկությամբ, սրտի թրթիռով ենք հրաժեշտ տալիս։ Ափսոս ներկա չէինք էնտեղ, բայց էկրանին նայելով՝ էդ հուզմունքը, էդ հպարտությունը զգում ենք։ Մեծ պատիվ է մեզ համար, որ Ազնավուրը հայ է, ու ես պետք է ասեմ, որ 2005-ին եղել եմ Մոսկվայի Կրեմլում Շառլ Ազնավուրի համերգին, շատ հուզիչ էր, շատ տպավորիչ էր։ Էդ եռանդը, էներգիան, որ հաղորդում էր մարդկանց, մտավ մեջս ու մնաց։ Մինչև հիմա մարդիկ ասում են՝ ինչ էներգիայով ես։ Ասում եմ՝ Շառլ Ազնավուրինն է», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իր ամբողջ երիտասարդությունն անցել է Ազնավուրի երգերով. - «Իմ տպավորությունները դեռ 1994 թվականից են, երբ որ Ազնավուրն առաջին անգամ եկավ Հայաստան, համերգ տվեց։ Ես ներկա եմ եղել, ես այն տարիներին շատ երիտասարդ էի, ամբողջ երիտասարդությունս անցել է իր երգերով։ Իր երգերով եմ ես ծերանում և անվերջ հիշում իր երգերը։ Շատ-շատ եմ հուզված, մանավանդ էս դուդուկի հնչյունների տակ ես չկարողացա զսպել արցունքներս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG