2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան իրաքցի իրավապաշտպան Նադիա Մուրադը և Կոնգոյից բժիշկ Դենիս Մուկվեգեն: Հեղինակավոր պարգևը նրանց շնորհվեց պատերազմական հակամարտության ընթացքում սեռական բռնության դեմ պայքարի համար:
Ազգությամբ եզդի 25-ամյա Նադիա Մուրադը ակտիվիստ է Իրաքից, 2014 թվականին Հյուսիսային Իրաքում շուրջ երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, խոշտանգումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ դարձել է հայտնի իրավապաշտպան և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Մուրադը առաջիններից է, ով աշխարհին պատմել է եզդի համայնքի ծանր վիճակի մասին, թե ինչպես են սեռական ստրկության, թրաֆիքինգի զոհ դառնում եզդի կանայք և երեխաներ:
Բժիշկ Դենիս Մուկվեգեն 2017 թվականին «Ավրորա» մրցանակի հավակնորդ էր, նա բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50 հազար կանանց՝ միաժամանակ պայքարելով բռնություն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար: